Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/426

Այս էջը հաստատված է

– Մի այնպիսի ապահով տեղ, ուր դուք ազատված կլինիք։ Շտապեցեք, ժամանակ կորցնելու չէ, մի քանի րոպեից հետո Բեկի զինվորները կթափվեն ամրոցի վրա և կրակից մնացածը նրանք սրով կոչնչացնեն։

– Ու՞ր գնանք, ինձ ո՞րտեղ ես տանում,– դարձյալ հարցրեց տիկինը, նստած տեղից չշարժվելով։

– Սառայի տունը,– պատասխանեց աղախինը նրա ձեռքից բռնելով։– Սառան ձեր լավ բարեկամն է. նա այնքան բարի է, որ դուք կարող եք նրա վրա վստահություն ունենալ։ Նա ինքը այստեղ է, եկել է ձեզ տանելու, սանդուղքների վրա սպասում է։

Տիկինը իսկույն չպատասխանեց. տխուր մտածություններ տիրեցին նրա սրտին։ Նա թաշկինակը սեղմեց աչքերի վրա, և րոպեական լռությունից հետո, արտասվախառն հեկեկանքով հարցրեց.

– Դու ինձ առաջարկում ես փախչե՛լ, Փարիշան...

– Այո՛, փախչել,– պետք է անպատճառ փախչել այդ Սողոմից, որ աստուծո բարկության հրովը կործանվում է...

Նրանց խոսակցությունը ընդհատեց մի սոսկալի, որոտաձայն դղրդոց։ Կարծես հարյուր թնդանոթներ միասին արձակեցին, և կիսավեր ամրոցը հիմքից շարժվեցավ, օրորվեցավ, և փոքր էր մնում, որ մնացած մասերն էլ կործանվեին, տակնուվրա լինեին։ Փարիշանը վազեց, բաց արեց լուսամուտը, նայեց դեպի ծխի և փոշու մեջ կորած բակը։

– Այդ ի՞նչ էր,– հարցրեց սարսափած տիկինը։

– Ներքինապետի բարձր աշտարակը կործանվեցավ, նրա փառքը և իշխանությունը տապալվեցավ,– ծիծաղելով ասաց Փարիշանը։– Կրակը անցնում է դեպի կանանոցը։

Իրավ, փուլ եկողը ներքինապետի աշտարակն էր, որի բարձրությունից «աղջիկների իշխանը» տիրում էր ամբողջ կանանոցի վրա։ Նա կործանվեցավ և իր ծանրության տակ փշրեց մի քանի այլ շինվածքներ։ Նրա որոտաձայն դղրդոցը բարձրացրեց հարյուրավոր կնիկների բերաններից զարհուրելի աղաղակներ, իսկ տիկնոջ գրկում զարթեցրեց քնած երեխային։

Նա իր գեղեցիկ աչքերը բաց արեց, և լուսամուտից տեսնելով դրսի լուսավորությունը,– ժպտալով ասաց.

– Արևը դուրս է եկել, ես ո՛րքան շատ քնեցի։

– Հա՛, զավակս, շատ քնեցիր,– պատասխանեց մայրը, նրան համբուրելով։– Բայց դա արևը չէ. այնտեղ կրակ են վառում...