— Ինչու՞։
— Չե՞ք լսում։
— Ի՞նչը,
— Թմբուկների ձայնը։
— Լսում եմ։ Այդ ի՞նչ ձայն է։
— Բեկի զորքերի թմբուկների ձայնն է։ Թշնամին մտնում է բերդը։
Խանը գունաթափվեցավ։
— Թշնամին մտնում է բե՜րդը...— կրկնեց նա մի այնպիսի ծիծաղով, որ բարկության ժամանակ փոխարինում է արտասուքին։— Ապա ո՞րտեղ են իմ զորքերը, իմ զորապետները, որ կարգված էին բերդը պահպանելու համար։
— Նրանցից ոմանք փախել են, իսկ ոմանք եկել են այստեղ կրակը հանգցնելու համար։ Թշնամին մեր տան մեջ կրակ ձգեց, որ մեզ դրանով զբաղեցնե, իսկ ինքը միջոց գտավ գրավելու մեր բերդը։
— Հիմա ի՞նչ պետք է արած,— հարցրեց խանը հուսահատ կերպով։
— Եթե դուք ինձ թույլ կտաք, ես կդիմեմ հաղթողին և հնազանդություն կհայտնեմ։
— Երբեք։
— Դուք դրանով կազատեք հազարավորների կյանքը սարսափելի կոտորածից։
— Թող բոլորն էլ հետ կոտորվեն, քան թե խոնարհվեն գավուրի առջև։ Դու չգիտես, վեզիր, մեր կրոնի հանգանակը, մուսուլմանին թույլ տված չէ խոնարհվիլ այլադավանի լծի ներքո, մուսուլմանը կամ պետք է տիրե, կամ պետք է ոչնչանա։
Այդ միջոցին դիվանատան բակը մտավ մի խուռն, զինված բազմություն։ Նրանց առաջնորդում էր մոլլաների գլխավորը, մի բաց սար ձեռքումը բռնած։ Նրա առջևից գալիս էին երկու չավուշներ[1], որոնք տանում էին երկու հոգևոր դրոշակներ։ Չավուշները քարոզ էին կարդում.
- ↑ Չավուշ նշ. հոգևոր ջառչի, հրապարակական քարոզներ կարդացող։