Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/436

Այս էջը հաստատված է

Նրա ահարկու դեմքը փոքր–ինչ պայծառացավ, երբ իր նստած բարձրավանդակի հեռավորությունից նշմարեց բերդի մեջ լույսի ծիրանագույն շառավիղներ։ Շառավիղները հետզհետե աճում էին և արշալույսի առաջին ճառագայթների նման ցոլանում էին շրջակա բարձրությունների վրա։ Երբեմն խավարում էին նրանք, կարծես սև, միգանման ամպերը անցնում էին նրանց վրայով և ծածկում էին լույսի պայծառությունը։ Այդ միջոցին բերդից մի ֆշանք բարձրացավ օդի մեջ, պայթեց և հրեղեն կայծերը թափվեցան դեպի ամեն կողմ։

– Վերջապես...– ասաց նա, վեր կենալով.– վարագույրը բացվեցավ, պատարագիչը երևան եղավ...

Նա սկսեց սարի բարձրությունից ցած իջնել։ Ստորոտում, գետի ափի մոտ, գտնվում էր բանակը։ Զինվորների մեծ մասը արթուն էր։ Սկսեց դիմել դեպի ծերունի Մելիք–Փարսադանի վրանը, իր մտքում ասելով.

– Նա այժմ արթուն կլինի։ Ծերացած դևերը յոթն տարին մի անգամ են քնում, այն էլ յոթն օր շարունակ։

Եվ իրավ, ծերունի զորավարի վրանում լապտերը դեռ վառվում էր։ Նա ներս մտավ, գտավ նրան միայնակ նստած, կարդում էր մի փոքրիկ գիրք։ Դա Նարեկ էր, որը սովորություն ուներ բարեպաշտ ծերունին կարդալ ամեն երեկո և առավոտ։

– Թո՛ղ այդ գիրքը,– ասաց նա նստելով․– պարսից թագավորի «բաթման–ղլիճը» քեզ համար լավ խաբար է բերել։

– Ի՞նչ խաբար,– հարցրեց ծերունին, Նարեկը թաքցնելով իր ծոցի մեջ։

– Տեր Ավետիքը արդեն իր դալյաքությունը[1] բանեցրեց խանի գլխի վրա...– ասաց նա ծիծաղելով։

Ծերունի զորավարը գիտեր, որ տեր Ավետիքը սափրիչի կամ դալյաքի կերպարանքով էր մտել բերդը, բայց թե ինչ դալյաքություն էր բանեցրել– այդ մասին դեռ տեղեկություն չուներ։ Նա հարցրեց.

– Ի՞նչ դալյաքություն։

– Մեր սպասած հրդեհը և ֆշանքը երևացին բերդի մեջ պատասխանեց պարսից թագավորի «բաթման–ղլիճը»։

Մի քանի րոպե առաջ Նարեկ կարդացող բարեպաշտի երեսի

  1. Դալյաքություն նշանակում է սափրիչություն, բայց ժողովրդի բերանում խորամանկության, խաբեության նշանակություն ևս ունի։