Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/449

Այս էջը հաստատված է

ծովերը սոսկալով ալեկոծվում են։ Մարդը ի՞նչ է, որ կարողանա դիմանալ ձեր ամենակարողության առջև։

Զինված բազմությունը հրապարակի վրա ավելի և ավելի ստվարանում էր։ Նրանց հետ խառնվում էին և այնպիսիները, որ զենք չունեին։ Խանը հրամայեց վեզիրին, որ բաց անել տա զենքերի պահեստի դուռը և նրանց զենքեր բաժանե։

– Այնտեղ այլևս զենքեր չեն մնացել,– ասաց նրան վեզիրը։

– Ինչպե՜ս չեն մնացել,– հարցրեց խանը վրդովվելով։

– Մեր զենքերը այժմ մեր թշնամու ձեռքումն են,– պատասխանեց վեզիրը սառնասրտությամբ։

– Ինչպե՞ս, մեր թշնամու ձեռքումն են,– հարցրեց խանը կատաղելով։

– Նրանք հափշտակել են մեր զենքերը։

– Դու ամեն ինչ գիտես, վեզիր, բայց հայտնում ես ինձ միայն այն ժամանակ, երբ գործողությունը արդեն կատարված, վերջացած է։ Այդ ի՞նչ է նշանակում։

– Այդ այն է նշանակում, որ մեր թշնամին (թեև Աքպարը նրան ճանճերի հետ է համեմատում) այնքան խորամանկ է, այնքան ճարպիկ է, որ ժամանակ չէ տալիս մեզ նախատեսելու, թե ինչ է ցանկանում անել ինքը։ Մենք հասկանում ենք այն ժամանակ միայն, երբ գործը կատարած է լինում։

Աքպարը, որ վաղուց ոխ ուներ վեզիրի հետ, օգուտ քաղելով խանի բարկությունից, խոսեց.

– Ես կարծում եմ, որ տեր վեզիրի համար շատ դժվար չէր լինի թշնամու գործողությունները նախատեսել, եթե նա աչքերը չփակեր, որ թշնամին իր ցանկացածը անի։ Այդ դեպքում, իհարկե, ճանճն էլ կարող է մի բան անել։

– Դու զրպարտիչ ես, Աքպար,– պատասխանեց նրան վեզիրը։

– Դու դավաճան ես, վեզիր,– պատասխանեց նրան Աքպարը։

Պետական երկու մեծ մարդիկը, վեզիրը և զորքերի գլխավոր հրամանատարը, սկսեցին միմյանց նախատել։ Այդ բանակռիվը կատարվում էր հրապարակի վրա, այն րոպեում, երբ մի կողմում այրվում էր ամրոցը, իսկ մյուս կողմից լսելի էին լինում թշնամու հրանոթների որոտմունքները։ Խանը արդարացրեց Աքպարին և դառնալով իր թիկնապահներին, հրամայեց․