Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/465

Այս էջը հաստատված է

— Հեռացի՛ր այստեղից,— հրամայեց խանը և մտավ տիկնոջ սենյակը։

Սարսափած ծերունին ոտքը դուրս դրեց նախասենյակի շեմքից․ բայց հանկարծ հիշեց իր սղոցի թեփով լցրած բարձը և վերարկուն։ Նա դողդողալով հետ դարձավ, վեր առեց իր գիշերային անբաժան ընկերները և հեռացավ։

Նրա մեջ այժմ տիրապետում էր մի զգացմունք միայն, մահվան և դատապարտության զգացմունքը։ Նա հիշեց ներքինապետի խոսքերը, որ տիկնոջ փախուստի լուրը առնելու ժամանակ ասաց Նրան․ «Խանը քեզ կրակի մեջ կենդանի այրել կտա..․»։ Իսկ այժմ իր հանցանքը ավելի ծանրացավ։ Նա բռնեց խանի կոկորդից, նա ապտակեց նրան։ Բայց ինչո՞ւ չհրամայեց նա իսկույն կտոր-կտոր անել, իսկույն խեղդել իր անզգամ ծառային։ Այդ միտքը սաստիկ տանջում էր ծերունուն։ «Ես արժանի եմ մի այսպիսի պատժի»,– մտածեց նա և առանձնացավ կանանոցի մի անկյունում, նստեց, խոնարհաբար սպասում էր իր դատապարտության րոպեին։

Խանը մտնելով տիկնոջ սենյակը, գտավ նրան իր գեղեցիկ, վայելչական կարգուսարքի մեջ։ Այնտեղ դեռ վառվում էր ճրագը, տարածելով իր շուրջը բաց-վարդագույն լուսավորություն, որ արտափայլում էր նույն գույնով թավիշյա վարագույրներից։ Սիրելի խանումի սենյակում ամեն ինչ իր տեղում էր․ թե փափուկ մութաքաները ոսկյա փունջերով, թե նախշուն օթոցները, և թե արծաթեղեն կամ հազվագյուտ շինապակիից կազմված անոթները, բոլորը, բոլորը իրանց պատշաճավոր տեղերն էին բռնած։ Միայն պակաս էր սենյակի թագուհին։

Ամրոցի իշխանը այժմ գտնվում էր իր տան մեջ, բայց որպես հանցավոր, որպես մի փախստական, որ ոչ ոքին երևալու համարձակություն չունի։ Նա կանգնած էր ոտքի վրա, և իր ջորեպանի ցեխոտ հագուստով մինչև անգամ չէր համարձակվում մերձենալ այն գեղեցկություններին, որոնցմով շրջապատված էր ինքը։ Նա աչքերը հառած, խորին տխրությամբ նայում էր այն օթոցին, ուր իր մոտ նստած էր նույն գիշերը խանումներից ամենագեղեցիկը և ամենախելացին։ Հիշեց նրա սքանչելի դեմքը, մտաբերեց նրա լի ճշմարտություններով խոսքերը։ Այստեղ, այս օթոցի վրա նստած, նա, որպես մի անողոք մարգարեուհի, կարդում էր բռնակալի ճակատագիրը, բացատրում էր նրա խաբուսիկ վիճակը։ Խոսում էր ընտանիքի և ամուսնական սիրո վրա։ Ա՞խ, որքան իմաստալից, որքան խորախորհուրդ էին նրա խոսքերը։ Ինքն այն