Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/471

Այս էջը հաստատված է

նույնպես անկիրթ, նույնպես վայրենի, որպես էիք հազար տարիներ, առաջ։ Ամբոջ, աշխարհը փոխվեցավ, դուք մնացիք միևնույնը։

– Ինչո՞ւ չկրթեցիք մեզ. քանի որ դուք ձեր քաղաքակրթությամբ ավելի բարձր էիք մեզանից,– հարցրեց վեզիրը։

– Այդ մեր հանցանքն է – պատասխանեց սրբազանը։– Բայց ձեզ կրթելու համար մի մեծ դժվարություն, մի մեծ արգելք կար։ Զեզ կրթելու համար հարկավոր էր նախ ձեր ձեռքից խլել սուրը և նրա փոխարեն տալ գիրքը։ Այդ անելու համար մենք բավական ուժ և պատրաստականություն չունեինք։ Մի ժողովուրդ չէ կարող կրթել մյուսին, երբ ինքը գտնվում է նրա իշխանության ներքո։ Վարժապետը պետք է ազատ լինի իր աշակերտների վերաբերությամբ։ Մենք ձեզ կարող ենք կրթել, երբ դուք մեր հպատակներ կլինեք։

– Այդ անկարելի բան է,– ասաց վեզիրը դառն ժպիտով։– Իսլամը չէ հպատակում, իսլամը տիրում է, իշխում է...

Նկատելով, որ իր վերջին պատասխանը անախորժ տպավորություն գործեց սրբազանի վրա, նա փոխեց խոսքը, ասելով.

– Սրբազան, ես համաձայն եմ ձեզ հետ, որ մեր նախնիքը և մենք ինքներս վատ ենք վարվել ձեր ազգի հետ։ Ես բոլորովին արդարացնում եմ այն պատճառները, որ ստիպեցին ձեզ սուր բարձրացնել մեր դեմ։ Բայց երբեք չեմ կարող իրավացի համարել, երբ դուք կանցնեք չափն ու սահմանը մարդկային խղճի, և հաղթող մարդու մեծահոգությունը կփոխարինեք բարբարոսի անգթությունով։

– Ես բացատրեցի ձեզ, որ այդ անգթությունը ձեզանից սովորեցինք։

– Այդ ուղիղ է, բայց քրիստոնյային վայել չէ,– ասաց վեզիրը։– Ես կպատասխանեմ ձեզ ձեր կրոնի վարդապետի խոսքերով. դուք պարտավոր եք ձեր թշնամիներին սիրել, դուք պարտավոր եք ձեզ անիծողներին օրհնել, դուք պարտավոր եք ձեր ատելիներին բարություն անել, դուք պարտավոր եք աղոթել նրան համար, որ միշտ նեղացնում են,որ միշտ չարչարում են ձեզ։

Սրբազանը սկսեց ծիծաղել։

– Այդ բոլոր պատվիրանքները մենք կատարել ենք, վեզիր, ավելի քան հազար տարի մենք հնազանդ էինք այդ պատվիրանքներին։ Բայց փոխանակ շահվելու, նրանց մեջ գտանք մեր դժբախտությունը։ Մեր վիճակը ավելի և ավելի ծանրացավ։ Մենք կորցրինք բոլորը, ինչ որ ունեինք, և վերջապես օտարի լծի տակ