Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/481

Այս էջը հաստատված է

– Մնացած բնակիչներն ի՞նչ եղան։

– Հայերին գաղթեցրին ուրիշ տեղ [1] Իսկ թուրքերին հրամայեցին հեռանալ դեպի Պարսկաստան [2]

Մելիքի վրդովմունքը հետզհետե սաստկանում էր, նա անդադար մատներով գզգզում էր իր երկայն մորուքը, որ թուրքերի սովորության համեմատ ներկած էր հինայով։

Նա դարձյալ կանգնեց իր լրտեսի առջև, հարցնելով.

– Բերդը ոչնչացնելուց հետո Բեկի զորքերը ո՞րտեղ գնացին։

– Գնացին դեպի զանազան կողմեր նոր հաղթություններ անելու համար։

– Կարո՞ղ ես առանձին–առանձին պատմել ինձ, թե զորապետներից որը ո՛ր կողմ գնաց։

– Ինչո՞ւ չեմ կարող, – պատասխանեց լրտեսը, պարծենալով իր բերած տեղեկությունների վրա։– Ինքը Բեկը Մխիթար սպարապետի և Ներսես սրբազանի հետ գնացին Որոտնա բերդի վրա։ Մելիք–Փարսադանին, Ավթանդիլ գնդապետին և Պապ զորապետին ուղարկեցին դեպ Գենվազի կողմերը։ Մեղրին տիրելու համար։ Իսկ Թորոս իշխանին ուղարկեցին դեպի մեր կողմը։

– Ուրեմն իմ հին թշնամուն իմ դեմ են ուղարկել...– ասաց նա ատամները կրճտացնելով։

Թորոս իշխանը և մելիք Ֆրանգյուլը տոհմային թշնամություն ունեին միմյանց հետ, որ ժառանգել էին իրանց պապերի ժամանակից։ Նրանց թշնամությունը ավելի սաստկացավ, սկսյալ այն օրից, երբ մելիք Ֆրանգյուլը մահմեդականություն ընդունելով, մտավ Ֆաթալի խանի պաշտպանության ներքո և սկսեց Թորոս իշխանի երկրի վրա հարձակումներ գործել։ Թորոս իշխանի երկիրը Չավնդուրի գավառը, սահմանակից էր Բարգյուշատին, ուր իշխում էր մելիք Ֆրանգյուլը։

– Թորոսի հետ այլևս ովքե՞ր կան,– հարցրեց մելիքը րոպեական մտածությունից հետո։

– Թորոսի հետն է՝ իշխան Ստեփաննոս Շահումյանը, Մելիք–Փարսադանի որդի Բալի զորապետը և Թորոսի ազգական Մելիք–Նուբարը։

  1. Հին Զեվուի հայ բնակիչները, այդ բերդի ավերակ դառնալուց հետո, գաղթեցին Բարգյուշատր Մուղանջիկ կոչված մասում, հիմնեցին նոր Զեվուն, որ մինչև այսօր գոյություն ունի։
  2. Իսկ նույն բերդի թուրք բնակիչները անցան Երասխը, գնացին Պարսկաստան և Մարանդի գավառում հիմնեցին մի նոր գյուղ, որը մինչև այսօր էլ կոչվում է Զեյվա կամ Զեվու