Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/49

Այս էջը հաստատված է

դեղնել, դալկացել, մեռելի գույն էր ստացել։ Նրա հաստ գոտիի մեջ առջևից խրած թղթերի փաթոթները բովանդակում էին իրանց մեջ խանի ամբողջ արխիվը, որ նա իր գոտիումն էր ման ածում։ Այնտեղ էին տուրքերի, հարկերի հաշիվները. այնտեղ էին պաշտոնական թղթերի օրինակները. այնտեղ էին դատերի, վճիռների արձանագրությունները,— բոլոր թղթերի կտորտանքի վրա գրած, և խառն, անկարգ կերպով, խողովակի ձևով, միմյանց վրա փաթաթած։ Նույն գոտիի մեջ խրած էր նրա երկայն, նախշուն թանաքամանը իր բազմաթիվ եղեգնյա գրիչներով։ Նույն գոտիից քարշ էր ընկած բազմաթիվ կնիքների մի փունջ, հադիկ կոչված քարի վրա փորված, և արծաթի կոթերով բռնված։ Մունշի-բաշիի շուրջը հավաքված էին իր ստորադրյալ միրզաները (գրագիրները), նրանք էլ ունեին իրանց գոտիի մեջ թղթերի փաթոթներ և թանաքամաններ։ Այստեղ նույնպես բազմությունը զանազան խնդիրքներով դիմում էր մունջի-բաշիին՝ խանի գլխավոր քարտուղարին, այս և այն թղթերն էր պահանջում։ Այստեղ նույնպես շատերը մոտենում էին, չոքում էին նրա առջև և ականջին բաներ էին փսփսում...

— Այս մարդու թուղթը պատրաստ չէ՞,— դառնում էր նա գրագրներից մեկին։

— Պատրաստ է։

— Ինչո՞ւ չեք տալիս։

— Դեռ րուսումը չեմ ստացել։

Րուսումը այն ընծան էր, որ պիտի տար թղթի ստացողը գրագրին։ Հետո սկսվում էր երկար սակարկություն այդ ընծայի քանակության մասին։ Կաշառակերությունը կատարվում էր հրապարակավ, որովհետև դա ընդունված մի սովորություն էր։

Բազմության մեջ մի դղրդոց ընկավ և դեպի ամեն կողմ տարածվեցավ խուլ շշունջ՝ «խանը գալիս է»։ Բոլորը ոտքի վրա կանգնեցան։

Կանանոցի կողմից հայտնվեցավ խանը։ Նրա առջևից ընկած էին մի խումբ շաթրներ, իսկ ետևից գալիս էին մի խումբ ֆարրաշներ։ Ինքը միայնակ, մեջտեղում, վառվում էր ոսկու, արծաթի և գոհարների մեջ։

Մինչև դիվանխանեն հասնիլը բավական տարածություն կար։ Մի քանի տեղ կանգնեցրին նրան։

— Խան, քո ոտներին մատաղ լինենք,— խնդիր ունենք ձայն տվեցին մի քանի հոգի, որ ճանապարհի եզրում չոքած, անդադար համբուրում էին գետինը։