Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/490

Այս էջը հաստատված է

վաղորդյան աղոթքը։ Արեգակի առաջին ճառագայթները, ներս շողալով սենյակի պատուհաններից, լուսավորում էին նրա շքեղ օթևանը վառ–ծիրանագույն պայծառությամբ։ Բայց տիկինը իջեցրեց պատուհանների վարագույրները, կարծես այդ լույսը կարող էր արգելք լինել նրա աղոթելուն։ Հետո ներսից կողպեց նախասենյակի դուռը, որ ոչ ոք իրան չխանգարե։

Մահմեդական կանայքը ամենևին աղոթելու սովորություն չունեն, իսկ տղամարդիկը միայն աղոթում են ի ցույցս մարդկանց՝ հրապարակների վրա, ճանապարհների եզերքում, մի խոսքով, որտեղ որ պատահի։

Բայց այդ տիկինը, կողպելով իր սենյակի դռները, ոչ թե կատարում էր մի հայտնի պատվեր, այլ ավելի երկյուղ ուներ, մի գուցե իր աղոթելը նկատելի լինի։

Դուռը կողպելուց հետո, նա միանձնուհու հանդարտ քայլերով, մոտեցավ սենյակի արևելյան կողմի պատին, և զգուշությամբ բարձրացրեց մետաքսյա վարագույրը, որ քարշ էր ընկած պատի երեսից։ Վարագույրի ետևում հայտնվեցավ մի խաչ, որ փորված էր քարի վրա։ Տիկինը ծունկ իջավ նրա առջև, ձեռքերը փակեց կուրծքի վրա և իր ջերմեռանդությամբ լի աչքերը դարձրեց դեպի երկինքը։

Խաչի ներքև, քարի վրա, նշմարվում էին մի քանի եղծված հայերեն տառեր։ Երևում էր, սենյակի շինության ժամանակ այդ քարը պատահմամբ ընկել էր այնտեղ։ Ամբողջ ամառանոցը կառուցված լինելով վանքի քարերով, նրանց վրա դեռ պահպանվել էին քրիստոնեական տաճարի հիշատակարանները, միայն ծեփած էին գաջով, որ աչքի չզարկեն։ Բայց այն օրից, երբ հայտնվեցավ այդ խաչը, տիկինը համարում էր իր համար մի սրբազան գյուտ։ Հանկարծ պոկվեցավ պատի ծեփը և նրա տակից երևաց խաչը։ Տիկինը իր միակ մխիթարությունը ծածկեց վարագույրով, և այնուհետև իր սովորական աղոթքները կատարում էր նրա հանդեպ։

Ընթերցողը կարող է նախագուշակել, թե ով էր այդ բարեպաշտ տիկինը, որ մահմեդական հարեմի մեջ աղոթում էր քրիստոնեական խաչի առջև։ Դա մեր վաղեմի ծանոթ Սյուրին էր, Տաթևի Դավիթ ուրացողի աղջիկը, Ֆաթալի խանի նշանավոր խանումներից մեկը։

Այն օրից, որ մենք բաժանվեցանք Սյուրիի հետ, անցել է տասնյոթ տարի, դա մի նշանավոր թիվ է կնոջ հասակի համար։ Սյուրին այժմ կորցրել է իր մանկական թարմությունը, նա տարիքն