Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/500

Այս էջը հաստատված է

– Երբ մելիքը կանչում է, էլ չեն հարցնում ի՞նչ կա, տեր հայր, գլուխը քարշ են գցում ու գնում են,– պատասխանեց գզիրը, փոքր–ինչ խիստ կերպով։

Տեր հայրը այլևս ոչինչ չհարցրեց և հետևելով գզիրի խոսքին, գլուխը քարշ գցեց, և սկսեց գնալ դեպի մելիքի ամրոցը։ Մինչև այնտեղ հասնելը, նա իր մտքում ավարտեց «եկեսեցէ»–ի կեսը, հուսալով, որ գոնե այդ փրկարար աղոթքը կազատե նրան բռնակալի բարկությունից։

Երբ նրան ներս տարան մելիքի սենյակը, նա խոնարհությամբ գլուխ տվեց և կանգնեց դռան մոտ։ Խեղճ տերտերի դեմքի վրա գույն չէր մնացել, ամբողջ մարմնով դողում էր։

– Հրամեցեք, տեր հայր, հրամեցեք նստեցեք,– ասաց, մելիքը, տեղ ցույց տալով։ Մելիքի քաղաքավարի խոսքերը փոքր-ինչ հանգստացրին նրան. կիսամաշ փարաջայի փեշերը հավաքեց, անհամարձակ կերպով մոտեցավ և չոքեց ցույց տված տեղում։

– Դուրս գնա, Համբարձում,– դարձավ մելիքը դեպի գզիրը։

Գզիրը դուրս եկավ։ Չնայելով, որ նազիրը արդեն պատրաստել էր նրան խոստացված խալաթը, բայց նա չգնաց հագնելու, այլ կանգնեց նախասենյակում և ականջը մոտ տարավ դռանը։ Լրտեսին ավելի հետաքրքրում էր տերտերին կանչելու գաղտնիքը, քան թե մելիքի ընծայած խալաթը։

– Հանգիստ նստեցեք, տեր հայր,– ասաց մելիքը, նկատելով, որ քահանան պատժված աշակերտի նման չոքել է գորգի վրա։ Այդ ողորմածությունը ավելի հանգստացրեց տեր հորը․ նա այժմ իր դիրքը փոխեց և ծալապատիկ նստեց։ Մելիքը դարձավ նրան այս խոսքերով․

– Ես կանչեցի ձեզ, տեր հայր, մի կարևոր հանձնարարության համար, բայց նախքան դրա վրա խոսելը, ինձ պետք է փոքր–ինչ ծանոթանալ ձեր կրոնական հայացքների հետ.– դուք ինչպե՞ս եք հասկանում խոստովանությունը, տեր հայր։

Անակնկալ հարցը կրկին շփոթեցրեց խեղճ քահանային, որը դժբախտաբար գրված բաներից շատ փոքր տեղեկություն ուներ։

– Որդի, ի՞նչ ասեմ․․.– պատասխանեց նա ծոծրակը քորելով.– խոստովանությունը խոստովանություն է... խոստովանվում են, հետո հաղորդություն են առնում..․

– Այդ ես գիտեմ,– ասաց մելիքը,– որ առանց խոստովանության