Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/514

Այս էջը հաստատված է

զետեղված էր երիտասարդ իշխանի զորախումբը։ Նա մտավ իր վրանը և հրամայեց լապտերը վառեն։ Հետո նստեց թանձր թաղիքի վրա, որով ծածկված էր վրանի հատակը։ Լապտերի աղոտ լույսի առջև նրա մռայլված դեմքը ավելի սարսափելի էր։ Նա թիկն տվեց մի յախթանի, որ պարունակում էր իր մեջ նրա զինվորական պարագայքը։

Նա այժմ մոռացել էր թե գլխավոր հրամանատարի համառությունը, թե՛ մելիք Ֆրանգյուլի խաբեբայական խաղերը և մտածում էր միայն մեկ առարկայի վրա, իր սիրո, իր վաղեմի անբախտ սիրո անբախտ առարկայի վրա։ «Այդ անհասկանալի է․․․– մտածում էր նա։ Ի՞նչու նա մի մարդ, մի լուր չուղարկեց ինձ մոտ։ Անկարելի է, որ նա տեղեկություն չունենար մեր արշավանքի մասին։ Նա այնքան խելացի է, այնքան շրջահայաց է, որ կարող է հասկանալ թե ի՞նչ է կատարվում իր շուրջը և նրա համեմատ կարգադրեր իր վիճակը... բայց ինչո՞ւ է լռել։– Միթե չէ՞ մտածում, որ ես ժամե–ժամ, րոպեից րոպե սպասում եմ նրա կարգադրությանը... Մի՞թե նա չգիտե, որ իմ կռիվը, իմ արյունահեղությունը նրան ագատելու համար է։ Բայց ինչո՞ւ է թողնում ինձ անգիտության և մոլորոլթյան մեջ․..»։

Նա վեր առեց մի կտոր թուղթ, շտապ ձեռքով դրեց մի քանի տողեր, և կնքելուց հետո կանչեց Զումշուդին։

– Դու խանի ամառանոցի հետ լավ ծանոթ ես,– հարցրեց, երբ հայտնվեցավ Ջումշուդը։

– Ինչպես մեր տան հետ, — պատասխանեց Ջումշուդը ինքնավստահությամբ։

– Դու ճանաչո՞ւմ ես խանի ներքինապետին։

– Ճանաչում եմ, նրան կոչում են Ահմեդ։

– Կարո՞ղ ես այդ նամակը մինչև արևի ծագելը հասցնել նրան,— մինչև արևի ծագելը, հասկանում ես, այսինքն կռվի սկսվելուց առաջ, որովհետև մենք կռիվը սկսելու ենք դեռ լույսից չբացված։

– Կարող եմ։

– Իսկ եթե ներքինապետին չկարողացար գտնել։

– Դուք ինձ ասացեք, թե նամակը ում անունով եք գրել, ես կհասնեմ նրան։

– Խանի տիկնոջ Սյուրիի անունով։

– Հասկանում եմ... Նրան հասցնելը ավելի հեշտ է։ Ես նամակը կկապեմ մի կտոր քարի և ներս կձգեմ ուղիղ տիկնոջ