կերպով մի աղոթք կարդալով, հետո երեքը միասին ձգեց հարթ տախտակի վրա։ Գնդակները պտտվեցան, պտտվեցան և ապա դադար առին։
Դերվիշն արտագրեց մի թղթի կտորի վրա գնդակների այն կողմի թվանշանները, որ դեպի վեր էին նայում։ Հետո սկսեց հաշվել, գումարել և նրանցից հետևանքներ դուրս բերել։ Երբ վերջացրեց իր համարումները, ասաց.
– Դուք հարցրիք՝ օրը բարի՞ է, թե չար։ Իմ գնդակները մինչև կեսօր չար են ցույց տալիս, իսկ կեսօրից հետո փոքր առ փոքր սկսվում է բարին։
– Հասկացա,– ասաց խանը գոհունակությամբ։–Հիմա գուշակեցեք, թե կռիվը ինչպե՞ս կվերջանա։
Դերվիշը կրկին ձգեց գնդակները տախտակի վրա, և առաջվա նման համարումներ անելով, պատասխանեց.
– Մինչև կեսօր հաղթությունը ձեր թշնամու կողմը կլինի, իսկ կեսօրից հետո բախտը կդառնա ձեր կողմը։
– Փա՛ռք լինի ամենակալ աստծուն,– բացականչեց խանը ուրախությամբ.– հաղթությունը դարձյալ ինձանով է վերջանում։
Բայց ձեր ուրախությունը կարճատև է երևում...– ասաց դերվիշը խորհրդավոր ձայնով։
– Ինչպե՞ս,– հարցրեց խանը գունաթափվելով։
– Ես չեմ կամենում խլել ձեզանից ձեր քաջալերությունը․․․
– Մի խնայեք, ասացեք, խնդրեմ, ես հեշտ հուսահատվող մարդ չեմ։
– Սպասեցե՛ք, իսկույն կբացատրեմ ձեզ։
Դերվիշը կրկին գնդակները ձգեց տախտակի վրա և տխրությամբ պատասխանեց.
– Իրավ է, այդ կռվի մեջ հաղթությունը ձեզանով կվերջանա։– Բայց...
– Մի թաքցրեք, ասացեք խնդրեմ,– անհամբերությամբ հարցրեց խանը։
– Բայց հետո... մի քանի օրից... գուցե մի քանի շաբաթներից հետո... կկատարվի մի այլ, ավելի սարսափելի կռիվ, որի մեջ դուք կհաղթվեք...
Խանը բավական հանգիստ կերպով պատասխանեց.
– Այդ ոչինչ, մի քանի շաբաթներից հետո թող աշխարհը կործանվի, ինձ համար փույթ չէ, բավական է, որ այսօր ես կռվի դաշտից հաղթող կվերադառնամ։