Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/531

Այս էջը հաստատված է

շարժելով,– որ մարդիկ իրանց անձնական շահերի համար դավաճանում են իրանց ազգին...

– Թողնենք այդ– ծերունու խոսքը ընդհատեց դերվիշը– Ես ժամանակ եմ կորցնում... ես պետք է վաղուց գնացած լինեի... Բայց սպասեցի ձեզ, որովհետև դուք ամրոցի բակում ինձ հայտնեցիք թե կամենում եք ինձ հետ տեսնվել։ Եթե մի այլ ասելիք ունեք, ինձ թույլ տվեցեք, որ ճանապարհ ընկնեմ...

– Ունեմ,– պատասխանեց ծերունին,– մի ասելիք էլ ունեմ և դա ամենակարևորն է...

Ներքինապետը պատմեց նրան, թե «տիկինը» ինչ նամակ ստացավ իշխան Շահումյանից կեղծ մուրացկանի ձեռքով, պատմեց այդ նամակի բովանդակությունը, պատմեց և այն, թե «տիկինը» ինչ պատասխանեց նույն մուրացկանի ձեռքով իշխանին։

Դերվիշի մռայլված դեմքը փոքր–ինչ պարզվեցավ։ Նա հարցրեց.

– Այդ բոլորը գիտեիք դուք, բայց ինչո՞ւ էիք ծածկում ինձանից։

– Այդ բոլոը կատարվեցավ այն ժամանակ, երբ դուք դուրս եկաք խանի դահլիճից,– պատասխանեց ծերունին։– Դրա համար էլ, երբ ես բակում հանդիպեցա ձեզ, խնդրեցի, որ սպասեք ինձ, որպեսզի ես միջոց ունենամ հաղորդելու ձեզ այդ նորությունը։

– Շնորհակալ եմ.– ասաց դերվիշը կանգնելով։– Դուք այժմ կարող եք գնալ, թող ձեր իմ մոտ լինելը չնկատեն։ Գնացեք, մխիթարեցեք «տիկնոջը», որ դեռևս ժամանակ կա մի բան անելու, և, ես դրա համար պատրաստվում եմ...

Ծերունի ներքինապետը նույնպես կանգնեց։

– Ասեցեք «տիկնոջը», որ նշանակյալ ժամում իմ այրի մեջ գտնվի։ Ահա բանալին հանձնում եմ ձեզ։

Դերվիշը տվեց իր աղքատիկ բնակարանի բանալին ներքինապետին։ Հետո նա վեր առեց իր երկայն կոթավոր տապարը, որ սովորաբար կրում են դերվիշները, երբ հեռւ տեղ են գնում, և դուրս եկավ այրից։ Ներքինապետը կողպեց այրի դուռը, բանալին դրեց իր գրպանը, և ապա դառնալով դերվիշին, հարցրեց.

– Հիմա դուք ո՞ւր եք գնում։

– Գնում ես այնտեղ, ուր մարդիկ միմյանց կոտորում են...