Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/69

Այս էջը հաստատված է

կնոջ իր արգելարանից դուրս զալը, և ահագին բազմության միջից անցնելով, այդ վրանը մտնելը ոչ միայն անվայել, այլ բոլորովին հակառակ էր կանանոցի կանոններին։ Եվ դրանով պետք է բացատրել այն սպառնական հայացքը, որով դարձավ խանը դեպի իր կինը՝ հարցնելով.

– Դու ի՞նչ գործ ունես այստեղ։

Սյուրին մնաց շփոթված. կարծես նրա լեզուն կապեցին, և մի խոսք անգամ չգտավ պատասխանելու։ Նրան տիրեց մի տեսակ երկյուղ – ստրուկի երկյուղը իր սարսափելի տիրոջ առջև։ Այդ առաջին անգամն էր, որ նա զգում էր իր ոչնչությունը, թե ինքը մահմեդական ընտանիքի մեջ մի կրավորական առարկա էր, մի փայլուն և խայտաճամուկ զարդ էր, և ոչ կամքի ու խոսքի տեր արարած, և ոչ ամուսնի ընկեր ու նրա խորհրդակից։ Խանը նայելով այդ գեղեցիկ, շփոթված առարկայի վրա, որը, որպես մի ամոթխած հրեշտակ, ներկայանում էր նրա աչքում իր բոլոր սքանչելի հրապուրանքով, մեղմեց իր բարկությունը և մոտենալով, բռնեց նրա ձեռքից, նստեցրեց իր մոտ մախմուռի օթոցի վրա, հարցրեց.

– Գիտեմ, մի խնդիրքով եկած կլինես ինձ մոտ, խոսիր, նազելիս, ի՞նչ ունիս ասելու։

Նեղ դրությունը մարդուն սրամիտ է լինում։ Սյուրին հանկարծ հիշեց այն նշանավոր րոպեն իր ամուսնական կյանքում, որ սկիզբը դրեց նրա անբախտությանը։ Նա հիշեց այն տագնապալից գիշերը, երբ ինքը տասնևչորս տարեկան մի անմեղ աղջիկ, փառասեր հոր ձեռքով ձգվեցավ խանի գիրկը։ Նա հիշեց այն բոլոր հոգեկան տանջանքը, այն բոլոր գարշելի զզվանքը, որով ինքը, որպես մի նոր Հռիփսիմե, պատերազմում էր խանի գազանային կրքերի դեմ և չէր կամենում անձնատուր լինել։ Նա հիշեց այն խոսքը, որ ախտաբորբոք խանը երդվելով ասաց նրան. «Խնդրիր ինձանից ամեն բան և ես կտամ քեզ, միայն թե դու իմս լինես»։ Սյուրին ոչինչ չխնդրեց և անձնատուր եղավ... Այնուհետև խանը մի քանի անգամ կրկնեց նրան միևնույն խոստմունքը, բայց Սյուրին միշտ սպասում էր մի կարևոր դեպքի, որ իր խնդրածը մի նպատակահարմար և նշանավոր բան լիներ։ Այժմ դեպքը ինքնըստինքյան առաջ եկավ։

Նա չոքեց խանի առջև, որպես մի խոնարհ աղերսարկու աստվածներից ամենասարսափելի արձանի առջև, և իր գեղեցիկ, արտասուքով լի աչքերը դեպի վեր բարձրացնելով, ասաց․