– Դու հաստատ գիտե՞ս, որ խանը հրամայեց գերիներին հանձնել Թորոսի մարդկանց ձեռքը,– հարցրեց նա սպասավորից, չնայելով, որ նա արդեն հաղորդել էր այդ տեղեկությունը։
– Ինչպես չգիտեմ,– պատասխանեց սպասավորը գործագետ մարդու եղանակով, – ես իմ ականջով լսեցի և իմ աչքով տեսա, երբ բանտապետը խանից հրաման ստանալով, գնաց, բաց արեց բանտի դռները և պատվիրեց իր սպասավորներին մաքրել գերիներին, որ իշխանը նրանց այնպես կեղտոտ չտեսնե։
Սպասավորը կրկին հեռացավ, պատվեր ստանալով երկու մելիքներից, եթե մի նոր փոփոխություն կամ մի նոր դեպք կպատահե՝ շուտով իմացում տալ նրանց։
Սպասավորի հեռանալուց հետո երկու մելիքները, կայծակնահար եղած մարդու նման, երկար մնացին մի սոսկալի շփոթության մեջ։ Նրանցից ամեն մեկը խոսք չէր գտնում իր սրտի ցավը և վրդովմունքը արտահայտելու։ Մելիք Ֆրանգյուլը մինչև այսօր հույս էր դրած մելիք Դավիթի խորամանկության և բազմափորձության վրա։ Նա հավատացած էր, որ այդ բանսարկուն իր ազդեցության տեր դստեր միջնորդությամբ ամեն ինչ կարգի կդնե։ Իսկ այժմ մի խուլ զգացմունք նրան համոզում էր, թե Սյուրին խիստ անշնորհակալ գործիք է հոր ձեռքում, թե հայրը այնքան ազդեցություն չունի նրա վրա, որքան ինքը աշխատում է ցույց տալ և, վերջապես, Սյուրին հակառակ է գնում հոր ձեռնարկություններին։ Այդ կարծիքների մեջ ավելի համոզվեցավ նա սպասավորի այն խոսքով, որով հայտնեց, թե Թորոս իշխանի գալուց առաջ, հարեմի կնիկներից մեկը վրանի գաղտնարանում տեսնվեցավ խանի հետ։ Ո՞վ կարող էր լինել այդ կինը, եթե ոչ Սյուրին. և կնիկներից որի՞ն կարող էր հետաքրքրել գերիների վիճակը, եթե ոչ նրան։
– Դուք չե՞ք կարծում, որ այդ բոլոր գործերը փչացնողը ձեր աղջիկն է,– հարցրեց նա մելիք Դավիթից։
Թշվառ հոր լեզուն կապվեցավ, չգիտեր, թե ինչ պետք էր պատասխանել, անակնկալ հարցը սարսափեցրեց նրան։
– Ես չեմ կարծում,– պատասխանեց նա րոպեական մտահուզությունից հետո։
– Ապա ի՞նչով եք բացատրում Սյուրիի խանի հետ տեսնվելը Թորոսի գալուց առաջ։
– Ես առավոտյան ձեզ պատմեցի, թե այս գիշեր հարեմի մեջ պատահել է մի անկարգություն, կնիկներից մեկը Սյուրիի քնած