Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/93

Այս էջը հաստատված է

— Որին դու սպանեցիր...— պատասխանեց Սյուրին և նրա աչքերը վառվեցան կատաղի բարկությամբ։

— Ե՞ս...— բացականչեց հայրը սարսափելով.— աստված կպատժե քեզ, Սյուրի, որ այսպես չարաչար կերպով զրպարտում ես հորդ։

— Եթե աստուծո պատիժները շուտ վրա հասնեին, դու այժմ այս աշխարհում չպիտի լինեիր...— պատասխանեց նա դողդոջուն ձայնով։— Կրկնում եմ, դու սպանեցիր իմ մորը։ Դու ուրացար Լուսավորչի սուրբ հավատը Տաթևի մելիքությունը ստանալու համար և այնուհետև քո տունը լցրիր մահմեդական կնիկներով։ Խեղճ մայրս չկամեցավ ապրել ուրացող ամուսնի հետ, թողեց քո տունը և գնաց իր հոր տունը։ Քանի՞ անգամ քարշ տվեցիր նրան կամենում էիր բռնությամբ քեզ մոտ պահել, բայց դարձյալ փախչում էր նա։ Քանի՞ անգամ գանակոծվեցավ նա քո անգութ ձեռքերից։ Բայց այս բոլոր տանջանքներին կհամբերեր նա, եթե դու չխլեիր նրա միակ աղջիկը — ինձ, և չգցեիր մահմեդական հարեմի մեջ։ Ես երբեք չեմ մոռանա այն սգավոր և ցավալի օրը, երբ խեղճ մայրս, արտասուքը աչքերում, տարածվել էր գետնի վրա, գրկել էր քո ոտները։ Մյուս կողմում կանգնած էին խանի ներքինիները, իսկ մեջտեղում — ես։ Մայրս աղաչում էր, պաղատում էր քեզ, որ ինձ խանի մարդկանց ձեռքը չտաս։ Ես լաց էի լինում։ Դու, առ ոչինչ համարելով իմ և մորս արտասուքը, ինձ հանձնեցիր նրանց ձեռքը։ Մայրս կատաղությամբ վրա վազեց ինձ բռնեց, և երկար կռվելով նրանց հետ, չէր թողնում, որ ինձ տանեն։ Դու բռունցքով զարկեցիր մորս գլխին, նա ուշաթափ ընկավ գետնի վրա և այնուհետև չվերկացավ նա...


Մի ուրիշ մարդ, մելիք Դավիթի փոխարեն, հարազատ դստեր բերանից լսելով այդ անեծքը, լսելով այդ բոլոր դատապարտական խոսքերը, կզղջար, կփոշմաներ իր եղեռնագործության համար, բայց նա տեսնելով, որ իր մեղմ, գրավիչ խրատներով չկարողացավ համոզել նրան, մտածեց վախեցնել աղջկան։

— Բայց ես չեմ կարծում, որ քո մոր հիշատակը այնքան վրդովեցներ քեզ իմ դեմ, որքան մի ուրիշ բան...

— Ի՞նչ բան,— հարցրեց Սյուրին, սրբելով աչքերից արտասուքը, որ հեղեղի նման թափվում էր մոր պատմությունը անելու ժամանակ։

— Այն բանը, որ ես քեզ խլեցի քո սիրականի գրկից... որը այսօր քո շնորհիվ ազատություն գտավ... որի վերքերը դու դարմանում