էիր բանտի մեջ․․․ և որի հետ դեռ մտածում ես շարունակել քո հին հիմարությունները...
– Այդ բոլորը ճիշտ է,– պատասխաներ Սյուրին սառնությամր։– Ես Ստեփանին սիրում էի առաջ, սիրում եմ և այս րոպեիս։ Այո, դու ինձ խլեցիր նրա գրկից և ես այդ չեմ ների քեզ։
– Եվ կաշխատես կրկին նրա գիրկն ընկնել․․․
– Կաշխատեմ...
– Եվ կաշխատես Գենվազի իշխանությունը նրան վերադարձնել...
– Կաշխատեմ..
– Եվ կաշխատես հետո փախչել գնալ նրա մոտ...
– Կաշխատեմ...
– Բայց գիտես ես ինչ կանեմ..․
– Դու ինձ կմատնես... դու այդ բոլորը կհայտնես խանին..․
– Լավ հասկացար,– պատասխանեց հայրը կատաղի բարկությամբ։– Բայց գիտե՞ս խանը քեզ ինչ կանե։
– Խանը ինձ խեղդել կտա։
– Հիմա լավ մտածիր, իզուր տեղը մի՛ բարկացրու հորդ։
– Ես բոլորը մտածել եմ. ինձ մնում է երկու բան` կամ մեռնել, կամ նրա հետ ապրել։
Մելիք Դավիթը չէր կարծում, թե կհանդիպի այս աստիճան հաստատամտության իր աղջկա կողմից։ Նա զգաց իր սխալը, որ խոսակցությունը ծայրահեղության հասցրեց, այս պատճառով փորձ փորձեց շարժել Սյուրիի գթասրտությունը։
– Ծերունի հայրդ ներողություն է խնդրում քեզանից Սյուրի․– ասաց նա, բռնելով նրա ձեռքը։– Մոռացի՛ր բոլորը, ես մեղավոր եմ քո առջև, մեղավոր եմ և քո հանգուցյալ մոր առջև...
Այդ միջոցին նրա աչքերում երևացին մինչև անգամ արտասուքի կաթիլներ։ Բայց Սյուրին թափ տվեց նրա ձեռքը և վեր կացավ, ասելով.
– Ես կմոռանայի բոլորը, եթե հավատայի, որ քո խոստովանությունը անկեղծ է։ Բայց դու խաբում ես ինձ։
– Աստված, երկինք, գետինք վկա, որ չեմ խաբում։ Դու զարթեցրիր իմ մեջ մեռած խիղճս, Սյուրի, դու կրկին վառեցիր ծնողական գութը, որ հանգած էր իմ սրտում։ Մորդ ուրվականը գիշեր և ցերեկ հալածում է ինձ, հանգստություն չէ տալիս։ Նա կներե ինձ, եթե դու ներես։ Վերջին խոսքերը ազդեցին Սյուրիի սրտին։ Նա պատրաստ էր