Հայաստանի լճերը, գետերը և աղբյուրները պահպանել են տակավին իրանց Ներյան կույսերը և հավերժահարսունքը: Մինչև այսօր պատմվում են զանազան զրույցներ «հրեղեն աղջիկների» մասին: Վանա գավառում հայոց հուրիաների[1] սրսկապանն է Արջակա[2] լճակը: Տարփավոր երիտասարդները իրանց պատրաստում են զանազան միջոցներով և գիշերը պառկում են նույն լճակի ափերու մոտ, որ «հրեղեն աղջիկները» ջրից դուրս գալու ժամանակ, հափշտակեն նրանց:
Նույն լճակում կան և «հրեղեն նժույգներ», որոնց բաշը հյուսում են հավերժահարսունքը իրանց քնքույշ մատներով և այլն:
Թե աստվածները և նրանց սերունդը ժողովրդի երևակայության ծնունդ են, դրանում տարակույս չունենք: Ամեն ազգի դիցաբանության մեջ երևում է նույն ազգի փիլիսոփայությունը, այլև նրա բնավորությունը և ճաշակը: Հույները սեպհականեցին իրանց աստվածներին մինչև անգամ իրանց ամենաանբարոյական հատկությունները:
Իսկ հայը, մի ժամանակ լուսինը պաշտող հայը, և այժմ նույն հատկություններն է գտնում նրա մեջ, որպես յուր կանանց մեջ: Հայ կինը ամոթխած է, նա ոչ ոքի հետ չէ խոսում, յուր գեղեցկությունը ծածկում է ամենից: Հայոց լուսինը, արեգակի նշանածը, այդ երկնային թագուհին, նույն բնավորությունն ունի: Նա յուր դեմքի չքնաղությունը քողարկել է ամպերից հյուսած նուրբ շղարշով, յուր նաժիշտներին (աստղերը) յուր հետն առած, ման է գալիս գիշերով, երբ նրա ամուսնացուն (արեգակը) քնած է: Նա յուր պարկեշտ ողջախոհական ամոթխածությամբ ամաչում է հանդիպել նրան, որպես հայ օրիորդը միշտ խույս է տալիս յուր ապագա ամուսնից, քանի դեռ նրա հետ պսակված չէ:
Իսկ արեգակը գիշերները մտնում է Վանա ծովակի մեջ հանգստանալու յուր ցերեկվա ուղևորությունից. երեկոյան նրա ննջարանը բաց է անում յուր ոսկեղեն դռները, վարդագույն-ծիրանի ամպերը իրանց նուրբ և թափանցիկ ծալքերով կազմում են նրա