Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/104

Այս էջը հաստատված է
* *
*

Գ. վ. Սրվանձտյանցի ավանդությանց հավաքածուի մեջ մի քանիսը վերաբերում են ժողովրդի ընտանեկան և հասարակական կյանքին։ Օրինակ, այն ժայռերը, որոնք Վանա մոտ կոչվում են հարսն ու փեսա, դրանք մի զույգ անբախտ ամուսիններ էին, որոնք պսակվեցան ընդդեմ իրանց ծնողաց կամքին։ Աստված բարկացավ նրանց վերա և հարսանիքի միջոցին, թե հարսն ու փեսային, թե հանդիսականներին և թե երաժիշտներին բոլոր քար դարձուց։


Ահա մի ազդու արտահայտություն ծնողական բռնակալության... Հորն ու մոր կամքը այնքան մեծ նշանակություն ունի որդիների ամուսնության մեջ, մինչ որևիցե ընդդիմադրություն զավակների կողմից կարող էր նրանց աստուծո պատժին ենթարկել... Հայոց ընտանեկան կյանքը, ուր որդիների կամքը ամուսնության մեջ ոչինչ կշիռ չունի, շատ բնական էր, որ ստեղծեր հիշյալ ավանդությունը։

Կալվածատերերի հարստահարություններն ևս չէին կարող չանցնել ժողովրդական ավանդությունների կարգում։ Վանա հյուսիսային կողմում Դռլաշեն գյուղի մոտ են «շեղջա դար[1]կոչված հողաբլուրները։ Դրանք մի հարուստ, բայց ագահ կալվածատիրոջ ցորենի կույտերն են, որ յուր անսահման ժլատության և խստասրտության պատճառով աստված հողային բլուրների փոխարկեց։

«Սուրբ թոնիրի»[2] ավանդությունը պարունակում է յուր մեջ բոլոր զարհուրանքը խանդոտ ամուսնի։ Գեղեցիկ տերտերակինը թոնրի մեջ հաց թխելու միջոցին, գալիս է նրա մոտ մի մուրացկան. տիկնոջ` կրակի տաքությունից շառագունած երեսը գրավում է մուրացկանի սիրտը։ Նա հաց է խնդրում, տերտերակինը տալիս է. կերակուր և գինի է խնդրում, նույնպես տալիս է։ Վերջապես մի համբույր է խնդրում։ Տերտերակինը մտածում է` «Աղքատ թեմարզու (կարոտյալ) է, ի՞նչ կա, վարձք է...»։ Համբույրն էլ տալիս է։ Նույն վարկենին երեցը ներս է մտնում, տեսնում է կնոջ անպարկեշտությունը։

  1. Շեղջ նշանակում է ցորենի կամ ուրիշ բանի կիտվածք, իսկ դար նշ. բյուր, կամ հողային բարձրություն։
  2. Սուրբ թոնիրը,— թոնրի ձև ունեցող մի ավազան է Լեզք գյուղի մոտ, որտեղ ուխտագնացություններ են լինում և կանայք զանազան հմայություններ են անում։