Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/109

Այս էջը հաստատված է

քրիստոնյա մարտիրոսների արյուն թափած տեղերը լինեն: Իսկ շատ անգամ ևս ժողովրդի սնահավատությունը ստեղծում է «թուխ-մանուկները». հանկարծ պառավին մինը այնինչ ավերակի մեջ երազում կամ առաչյոք լույս տեսավ, ալեզարդ և ճաճանչավոր գլխով մի ծերունի տեսավ, նա այդ տեսիլքը պատմում է ժողովրդին, և իսկույն նրանք ամենայն ջերմեռանդությամբ շարում են այնտեղ իրանց ճրագները և խունկեր են ծխում...

* *
*

Մի քանի տեղերում Գ. վ. Սրվանձտյանցի գիրքը ունի աշխարհագրական նշանակություն։ Նկարագրում է զանազան վանքեր, լեռներ, դաշտեր, բայց ուշադրություն չէ դարձնում ժողովրդի ներկա կյանքի վերա, նրա առնտին և արտաքին գործունեության վերա, թե ինչ պարապմունք ունեն, կամ ինչպես են ապրում։ Բացի հայերից ավելորդ չէր լինի ուշադրություն դարձնել և ուրիշ ազգությունների վերա, որոնց հետ դրացություն ունեն հայերը, և տեղեկություն տալ նրանց միմյանց հետ հարաբերությանց մասին։ Այո, շատ թանկագին են մեզ համար մի երկրի կամ ժողովրդի հնագիտական տեղեկությունները, բայց նույնքան օգտավետ է նրա ներկա կյանքի ուսումնասիրությունը։

Աշխարհագրական տեղեկությանց մեջ ուշադրության արժան է Սիփան լեռան նկարագրությունը, որը գտնվում է Վանա ծովակի մոտ և յուր գեղեցիկ հովիտներով խոտավետ արոտատեղիներ է բաշխում խաշնարածներին։ Տեղային հայ բնակիչները մինչև այսօր պահել են այն հին ավանդությունը, թե Նոյի տապանը, Գրգուռ լեռան գագաթին քսվելով, տաշեց նրան` անցավ դեպի Սիփան, այնտեղ հանգչելու։ Բայց Սիփանը, ավելի համեստ լինելով, չընդունեց նրան, ցույց տալով իրանից ավելի բարձր սարը — հսկա Մասիսը։

Տեղացիք այսպես են երգում հիշյալ լեգենդը.

Նոյա տապանն եկավ ի Սիփան,
Ասաց՝
Սիփան, ա՛ռ զիս, ա՛ռ զիս։
Սիփանն ասաց`
Գնա՛ ի Մասիս, գնա՛ ի Մասիս,
Որ մեծ է քան զիս, որ բարձր է քան զիս։