Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/114

Այս էջը հաստատված է

Սարգիսը գործ է դնում ամեն միջոցներ, որքան կարելի է, ճարպիկ կերպով կողոպտել գնողին։Ստախոսությունը, խորամանկությունը և անխիղճ հարստահարությունը նրա գլխավոր զենքերն են. նույնը նա չէ խնայում և յուր ընտանիքի վերաբերությամբ։

Սարգիսն այն մարդերիցն է, որ ամեն առարկայի վերա նայում է շահասիրական կետից. ոչ մի գործողություն նրան չէ գրավում, երբ նա կապված չէր նյութական օգուտների հետ։ Բարոյական բավականություն նրա համար չկա։ Սարգիսը նյութապաշտ է։

Մի այսպիսի մարդը չէր կարող համբերել յուր որդու` Միքայելի ամուսնությանը աղքատ Անանու հետ, որ «փող ու բաժինք» չուներ։ Սարգիսը պետք է օգուտ քաղեր որդու ամուսնությունից. իսկ նա պսակվում էր առանց փողի։ Ահա երկպառության պատճառը, որ հարուցանում է անբավականություն հոր և որդու մեջ։

Սալոմեն նույն է յուր դստեր` Անանու վերաբերությամբ, ինչ որ Սարգիսը Միքայելի վերաբերությամբ։ Մեկը հարստահարող հայր է, մյուսը հարստահարող մայր։ Երկու բռնակալ ծնողքներ ճնշում են իրանց որդիների կամքը և ազատությունը։ Երկուսն էլ ունեն իրանց առանձին նպատակները։ Սարգիսը աշխատում է յուր որդու Միքայելի համար նրա սիրած Անանու փոխարեն հարուստ աղջիկ բերել, իսկ Սալոմեն աշխատում է Անանուն զրկել յուր Միքայելից և հարուստ փեսայի տալ։ Որդիքը ընդդիմանում են ծնողաց կամքին և պաշտպանում են իրանց ընտրածը։

Խորտակել գերդաստանի հոր և գերդաստանի մոր իշխանությունը, ոչնչացնել նրանց ամենահին դարերից ժառանգած իրավունքը, չէր կարող անցնել առանց պատերազմի, հին և նոր սերունդի մեջ։ Այդպես էլ եղավ։

Որը՞ կհաղթե։

Պետք է կշռել հակառակ կողմերի ուժերը։

Սարգիսը և Սալոմեն, իբրև հին և փորձված զինվորներ, համարձակ կռվողներ են։ Նրանց բոլոր պատերազմական տնօրինությունները` յուր խորամանկություններով, յուր նենգությունով և յուր արյունով` նրանց մոտ նախապատրաստված են։ Ընտանեկան պատերազմի մեջ նրանք կռվում են ոչ իբրև ազնիվ և մեծահոգի հերոսներ, այլ իբրև քուրմ կամ մարգարե։ Մարգարեն պատերազմում է ուղղության և ճշմարտության անունով։ Նա յուր քարոզները առաջնորդում է սրով։ Բայց պատահած ժամանակ նա գիտե նենգել, գիտե խաբել։ Երբ իրան թույլ է զգում, նա գիտե կեղծավորել։ Երբ երկրային զենքերն անզոր մնացին, երկյուղ է գցում հակառակորդի