Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/115

Այս էջը հաստատված է

վերա երկնքի սպառնալիքներով, անեծքներով։ Իսկ երբ հաղթեց, նա անգութ է որպես գազան յուր զոհի վերաբերությամբ։

Այդպես են վարվում Սարգիսը և Սալոմեն իրանց կռիվի մեջ նոր սերունդի դեմ։

Սարգիսը և Սալոմեն, որպես ընտանիքի պատրիարքներ, որպես ծնողքներ, քաղցր խրատներ են կարդում, երբ որդին ցույց է տալիս սաստիկ ընդդիմադրություն։ Նրանք ճնշում են, ոտնակոխ են անում որդուն, երբ նա խոնարհվում է։ Մայրական-հայրական գութը, անեծքը, արտասուքը և սպառնալիքը խառնում են միմյանց, ազդելու որդու մեջ խոնարհություն և պատկառանք դեպի ծնողաց եսը։

Ինչպե՞ս են վարվում նոր սերունդի ներկայացուցիչները իրանց կռիվի մեջ հների դեմ։

Նրանք պարզ և անկեղծ կռվողներ են, նրանք դեռ վարժված չեն պատերազմական նենգությունների մեջ։ Միքայելի և Անանու կռիվը ծնողաց դեմ` ստրուկների կռիվ է իրանց տիրոջ դեմ, որոնք հաշտվում են, երբ տերը դադարում է բռնաբարել։ Միքայելը և Անանին տիրելու կամ իշխելու նպատակ չունեն. նրանք խնդրում են ազատություն։ Իսկ Սարգիսը և Սալոմեն ձգտում են տիրելու և իշխելու։ Նրանք բռնակալներ են։

Որպես նոր, որպես դեռ յուր սաղմական դրության մեջ, Միքայելի և Անանու բոլոր հոգեկան ուժերը, բոլոր ձգտողությունները դեպի բարին և դեպի ճշմարտությունը, դեռ գտնվում են իրանց գոյության խառն, երերյալ և տկար վիճակի մեջ։ Նրանք դեռ չեն ստացել հասուն, կատարելագործված ձև ու կերպարանք։ Միքայելը և Անանին ունեն համոզմունք, իսկ նա վճռական չէ. նրանք ունեն բարի ցանկություններ, ազնիվ նպատակներ, բայց որպիսի՞ ուղղություն տան իրանց ընթացքին, որ հասնեն նրանց, իրանք չգիտեն։ Եվ նրանց խոսակցությունը, և նրանց դարձվածները, և նրանց ձայնը մինչև անգամ արտահայտություն է սրտի և հոգու անհաստատ տրամադրության։

Ընդհակառակն, Սարգսի և Սալոմեի մեջ ամեն ինչ վճռված է նախքան նրա գործադրությունը։ Նրանց մեջ կա կամքի հաստատություն, նրանք ունեն երկաթի պնդությամբ համոզմունքներ, և նրանց գործադրության մեջ ոչ միայն համարձակ են, այլ հանդուգն են և աներկյուղ։ Սարգսի և Սալոմեի խոսքերն ուժ ունեն, հնչում են ինքնահավան կերպով, արտաշնչում են հեգնության, արհամարհանքի և երգիծանության բոլոր զորությամբ։ Նրանց բերանից