խաղաղություն տարածել, ապահովել ժողովրդի դրությունը, և առանց խտրություն դնելու կրոնի և ազգության, հավասարություն հաստատել։
Ամբողջ մահմեդական բազմությունը գտնվում է կատաղի խռովության մեջ. նրա վրեժխնդրությունը հասել է մինչև այն աստիճանի, որ ամեն րոպե պատրաստ է հարձակվել հայերի վերա, ոչնչացնել և իսպառ բնաջինջ անել նրանց։ Հայերի երկյուղը և հուսահատությունը անցել է սահմանից. նրանք արդեն սկսել են իրանց կայքը թաքցնել ապահով տեղերում և մեծ տագնապի մեջ սպասում են զարհուրելի ճգնաժամին։
Տեղային կառավարությունը ամեն միջոցներ գործ է դրել խռովությունը հանգստացնելու, նա արդեն բաժանել է զինվորներին պաշտոններ, որ վտանգի ժամանակ պաշտպանեն հայերին մահմեդականների հարձակմունքից, և հրամայել է թաղապետներին (ղալաբեգիներին), որ նրանցից յուրաքանչյուրն զսպե յուր թաղում գտնված խռովարարների չարությունը։ Որովհետև այսպիսի դեպքերում ավելի մեծ ազդեցություն ունեն մոլլաները, այս պատճառավ քաղաքիս մեծ մուշտայիդը յուր կողմից ամեն ջանք է գործում դնում ապստամբության առաջն առնելու։
— Ի՞նչ է այս բոլոր հուզմունքի պատճառը։
— Չորս ամիս առաջ կորել է մի թուրք աղջիկ…
Ահա անցքի մանրամասնությունքը։
Մի թուրք ընտանիք ընդունում է յուր մեջ մի մանկահասակ որբ աղջիկ, որը գյուղից բերվելով, հանձնվում է նույն տանը իբրև աղախին։ Աղջիկը, որպես լսվում է, շատ պարկեշտ վարքի տեր չէ լինում և մի օր անհետանում է այնտեղից։ Ասում են, նա սիրահարվելով քաղաքումս գտնված ձեռնածուներից (ֆոկուսնիկներից) մեկի վրա, նրա հետ գնում է օտար երկիր։ Բայց մահմեդական ձեռնածուի փոխարեն ամբաստանվում է մի հայ երիտասարդ, թե նա առևանգել է աղջկան, մեղանչել է կույս օրիորդի պատվի դեմ, և կամենալով ծածկել յուր հանցանքը, խեղդել է նրան ու ձգել մի հորի մեջ և այլն։
Երիտասարդը անմիջապես կալանավորվում է և ոստիկանության կողմից սկսում են խուզարկություններ անել հայերի տներում աղջկա դիակը գտնելու համար։ Իհարկե ոչինչ չեն գտնում և երիտասարդի վերա ոչ մի հանցանք չէ հաստատվում։ Բայց մահմեդականների հալածասիրությունը դրանով գոհ չէ մնում, նա կամենում է վրեժխնդիր լինել. նա պատիվ է պահանջում...