Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/12

Այս էջը հաստատված է
* *
*

Րաֆֆու հրապարակախոսության մեջ որոշակի տեղ ունի Պարսկաստանը։ Այս երկիրը ծանոթ է նրան մանկական տարիներից։ Պարսկաստանի նկատմամբ նրա կողմից հանդես բերված հիմնական տեսակետն ու մոտեցումն այն է, թե այդ երկիրը դարավոր հետամնացությամբ տառապող մի պետություն է, դաժան՝ իր ֆեոդալական էությամբ, սոցիալական ու անօրեն դատական սիստեմով։ Րաֆֆին Պարսկաստանը ճանաչելու հարուստ նյութ է տալիս։ Այդ վերաբերում է նաև Պարսկաստանում ապրող հայերի վիճակի ուսումնասիրությանը։ Նամակ Դավրեժից» հոդվածաշարքում և այլ նյութերում նա պատմում է կրոնական և ազգային խտրականության, հակադրության ու հալածանքի մասին։ Հրապարակախոսը բաց է անում անվերջ պրովոկացիաների վարագույրը, շարադրում է նրբին հյուսված այն որոգայթների պատմությունը, որոնց զոհ է գնացել հասարակ և ոչնչի անմեղսակից ժողովուրդը։ Ըստ հրապարակախոսի, ծայրահեղ հետամնացության պայմաններում, խոշոր նշանակություն է ունեցել անհատ-լուսավրիչների գործունեությունը, որևէ մեկ դպրցի հիմնադրումը կամ թեկուզ 20—30 անուն գրքի մուտքը հասարակության մեջ։ Մեծ վտանգ են ներկայացրել Արևմուտքից եկած միսիոներները։ Անգլիացին որքան յուր երկրոււմ ազատամիտ է, այնքան նա Ասիայում շահամոլ է և հարստահարող — գրում է Րաֆֆին։ Նա ձգտում է հայ ժողովրդին հեռու պահել օտար՝ արևմտյան քայքայիչ ազդեցություններից, պարսկահայերին խորհուրդ է տալիս հավաքվել Ռուսահայաստանի սահմաններին, դրվատում է հայ գյուղացու և արհեստավորի աշխատանքն ու վարպետությունը, որպես ազգապահպանման միջոց։

***

Րաֆֆի-հրապարակախոսը, Րաֆֆի-մտածողը կյանքում տեսնում է բազմաթիվ հակասություններ և սուր հակադրություններ հասարակության տարբեր դասերի և դասակարգերի միջև, մարդկային տարբեր խմբերի միջև, ազգային հակադրություններ և ազգերի դիսկրիմինացիա։ Նրա տեսադաշտի մեջ են պետական զանազան կառուցվածքներ ու սիստեմներ՝ միապետական սուլթանական, միապետական ցարական, արևելյան՝ պարսկական, արևմտյան՝ անգլիական, ֆրանսիական, գերմանական, ամերիկյան։ Նրա մտածողության ոլորտի մեջ են մտնում իդեոլոգիայի բազմազան հարցեր ու բնագավառներ՝ կրոն, դպրոց, կրթություն, մամուլ, գրականություն, ընտանիք, բարոյականություն։ Երկար տարիներ նա բանակռվի մեջ է հայ մամուլի՝ նրա ազգային-պահպանաողական օրգանների հետ։ Նա գրում է երբեմն մի քանի տող՝ նամակ խմբագրության և անմիջապես երևում է նրա դիրքը, կիրքը։ Րաֆֆի հրապարակախոսը որոնում է հարցերի լուծման ռեալիստական հիմքը, հաճախ հակասում է ինքն իրեն և այդ ոչ այնքան սեփական մտածողության թուլության պատճառով որքան իրականում գոյություն ունեցող ռեալ հակասությունների ու հակադրությունների ակտիվ արտացոլման հետևանքով։ Նա ինքը համեմատաբար հետամնաց միջավայրի արդյունք է, բայց բեկման դարաշրջանի «արտագրություն», երբ նորի՝ կապիտալի հարվածների