Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/123

Այս էջը հաստատված է

ավելի զգալի եղավ Գրիգոր եպիս. Հոբյանի առաջնորդության օրերով, երբ դպրոցը թե՛ բարոյապես և թե՛ նյութապես գտնվում էր յուր վերջին հոգեվարքի մեջ։ Քաղաքի նշանավոր մարդիկը, ոչինչ արդյունք չտեսնելով, իրանց որդիքը դուրս բերեցին այնտեղից և հիմնեցին առանձին վարժատուն։ Այս բաժանումն ազգային դպրոցից վերջին զարկն էր, որ պետք է տաներ նրան դեպի կործանում, եթե Էջմիածնո հոգևոր կառավարությունը չհասկանար Հոբյանի անպիտանությունը և չհեռացներ նրան Պարսկաստանից։

Հոբյանի փոխարեն ուղարկվեցավ առաջնորդ Անդրեաս եպիսկոպոսը, որն Ատրպատականի այժմյան վիճակավորն է։ Այս վերջինը, օգուտ քաղելով յուր նախորդների արած սխալներից, դպրոցը կրկին վերականգնելու միջոցը գտավ նրա մեջ, որ դուրս բերե նրան եկեղեցական նեղ իշխանությունից և դարձնե ժողովրդական։ Մի այսպիսի փոփոխությունը շուտով ցույց տվեց յուր արդյունքները։ Դպրոցի համար նշանակվեցան ժողովրդից ընտրված հոգավարձուներ, որոնք իրանց պաշտոնի մեջ մտած օրից ուշադրություն դարձրին դպրոցի նյութական ապահովության վերա, որից կախումն ուներ նրա ուսումնական առաջադիմությունը։ Խիստ կարճ միջոցում նվիրատվությամբ հավաքվեցավ մի նշանավոր գումար, որը թեև լիապես բավականություն չէր կարող տալ դպրոցի պահանջներին, բայց կարելի եղավ նույն գումարի տոկոսիքով նշանակել հմուտ տեսուչ, վարձել մի քանի օրինավոր վարդապետներ և ավելացնել դասատվության առարկաների և լեզուների թիվը։ Դպրոցը ստացավ փոքր ի շատե կանոնավորված ձև և կերպարանք։ Եվ ներկա հուլիս ամսի հարցաքննությունը (որին ներկա գտնվելու պատիվն ունեի) ցույց տվեց մի տարվա ընթացքում եղած արդյունքը, որից երևում էր դպրոցի զարմանալի արագությամբ առաջադիմությունը։ Քննություններին ներկա էին բացի աշակերտների ծնողքները, նաև եվրոպական հյուպատոսների ներկայացուցիչներ, և համարյա քաղաքում գտնված ամբողջ եվրոպական հասարակությունը։ Բոլորը մնացին գոհ և ամենի հաճությունը չափ չուներ։

Մենք բավականին շեղվեցանք մեր դրած հարցեն, այժմ դառնանք դեպի այն։ Մենք ասեցինք, թե հայերին, որպես կրթության ընդունակ մեկ ազգի, վիճակված է լուսավորություն տարածել Ասիայում, այս մտքին իբրև ապացույց վեր առնենք նույն իսկ Դավրեժի դպրոցը։ Դեռ դպրոցը յուր թույլ և խանգարված դրության մեջ, նա դարձյալ այնքան բարձր էր մոլլաների ձեռքում եղած մադրասայներից (վարժատներից), որ շատ անգամ պարսիկներից