Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/128

Այս էջը հաստատված է

գեղեցիկ միտք է հայոց վանակարգ վարժարանը հանձնել եվրոպացի գիտնականին, նրան բարեկարգելու համար, երբ հայերից եվրոպական կրթությանը ծանոթ մարդիկ չկային։ Բայց մստեր Բրուսը միսիոնար է, որը Լոնդրայի Անգլիական եկեղեցու կողմից ուղարկված էր Պարսկաստանում քրիստոնեություն տարածելու։ Մի այսպիսի մարդուն հանձնել հայոց դպրոցների տեսչությունը, հազիվ թե կհասցներ ցանկալի նպատակին, այն է դպրոցի բարեկարգությունը և նորա եվրոպական մանկավարժության համեմատ կազմակերպությունը։ Որովհետև միսիոնարը գիտության մարդ չէ, միսիոնարը, ո՛ր եկեղեցուն և պատկանելու լինի, այնուամենայնիվ մոլեռանդ և կրոնամոլ է։ Նա ծառայում է մի վերացական գաղափարի, որն իրականության հետ առանձին ոչինչ չունի, և նույն գաղափարին նվիրում է յուր գործունեությունը։ Եթե միսիոնարին հանձնում են հայոց դպրոցների տեսչությունը, հարկավ, այն դպրոցները ծառայեցնելու է յուր նպատակներին։ Այսպես էլ լինում է։ Մստեր Բրուսը յուր օգնական հայազգի պ. Մելքոմ Ասատուրյանի հետ, որ ուսած էր Գերմանիայում, յուրյանց տեսչության տակն առնելով հայոց դպրոցների կառավարությունը, քիչ ժամանակից հետո հայտնվում է մի նոր այլանդակ կրոնական ուղղություն, որ մտցրած էր նույն ուսումնարաններում։ Հայր Գրիգորիս եպիսկոպոսը, թեև ուշ, բայց հասկանում է յուր սխալը, նա կամենում է հեռացնել անգլիացի միսիոնարին յուր պաշտոնից։ Բայց նա չէ ցանկանում հաճությամբ թողնել հայոց դպրոցները, մինչև հայոց առաջնորդին ստիպեցնում է դիմել տեղային կառավարությանը և բողոքել։ Թեև դատը վճռվում է հօգուտ հայոց առաջնորդի, բայց անգլիացի միսիոնարը մեծ մասամբ հասած էր յուր նպատակին, որովհետև աշակերտները մինչ այն աստիճան գրաված են լինում իրանց տեսչի տված ուղղությունով, որ չեն հեռանում նրանից, և ո՛չ ցանկանում են շարունակել իրանց ուսումը այն դպրոցներում, որոնք կրկին հայոց առաջնորդի հովանավորության տակ պետք է մտնեին։ Նրանք, աշակերտները, սկսում են հաճախել մստեր Բրուսից հիմնված մի առանձին վարժատուն, որ հատկապես հայ մանուկների համար կառուցել էր նա։

Մենք ամենևին չենք դատապարտում անգլիական միսիոնարի գործ դրված խորամանկությունը, որովհետև գիտենք` անգլիացին որքան յուր երկրում ազատամիտ է, այնքան նա Ասիայում շահամոլ է և հարստահարող։ Մենք դատապարտում ենք Գրիգորիս եպիսկոպոսի անհոգությունը. նա շատ միամիտ պետք է լինի, որ