Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/129

Այս էջը հաստատված է

չէ հասկանում, թե գայլն ինչ նպատակով հանձն է առնում գառների պահպանությունը...

Մենք հայոց եկեղեցվո մոլեռանդ պաշտպաններից չենք. միայն նայում ենք նրա վերա բոլորովին ազգային կետից, և խիստ վնասակար ենք գտնում, որ հայը, հեռանալով հայրենական եկեղեցուց, դադարում է յուրյան հայ կոչե։ — Ահա միսիոնարների մեզ տված օգուտը...

Սպահանա հայերի մեջ, բացի բողոքական տարրեն, որ նոր է մտցրած, կան քսան գերդաստանի չափ հայ կաթոլիկներ, որոնք կրոնափոխ են եղած մասամբ եզվիտներից, մասամբ Ունիթոռ կոչված Դոմինիկյանննրից։ Այս վերջինների արհամարհանքը դեպի հայությունը հասնում է մինչև այն աստիճանի, ինչ աստիճանի հասնում է Հռոմի պաշտոնյաների հալածասիրությունը դեպի մարդկային ամեն ազատ ձգտողություն...

Բացի Սպահանից և նորա գավառներից, որպես տեսավ ընթերցողը, Պարսկաստանի մյուս քաղաքները շատ փոքր հայ բնակիչներ ունեն։ Շիրազը, պարսից բանաստեղծական քաղաքը, այժմ ունի 7 հայոց գերդաստաններ, նոցա թիվը առաջ շատ էր, բայց օրըստօրե սպառվելու վրա են։ Շիրազն ունի մի հայոց եկեղեցի, որն 1853-ի երկրաշարժից փլած էր, բայց կրկին նորոգվեցավ 1856 թվին։ Վարժատուն չունի։ Բենդեր-Բուշերի ինը տուն հայերը նույնպես ունեն մեկ եկեղեցի, բայց դպրոց չունեն, իրանց որդիքն ուղարկում են Բոմբա ուսանելու։ Զարմանալի երևույթ, ամեն տեղ, հայն որքան և փոքր լինի թվով, նա դարձյալ ունի մի եկեղեցի։ Նա առանց դորան ապրել կարող չէ... չնայելով, որ առանց դպրոցի, եկեղեցվո ժողովուրդն ոչնչանում է, և նորա քարերն պարսից բաղնիքների շինության համար են գործ դրվում...

Պարսկաստանի 1871 թվի սովը բավականին լայն ասպարեզ բաց արավ ամերիկացի բողոքական միսիոնարների առջև տարածել իրանց վարդապետությունը տեղային հայերի մեջ, որոնք փոխեցին իրանց կրոնքը ավելի մի պատառ հացի համար, քան որևիցե համոզմունքից դրդված։ Այս մոլորության առաջին օրինակը տվեցին Համադանա հայերը, որոնք համարյա բոլորը ընդունեցին բողոքականություն։ Այժմ ամերիկացի միսիոնարներն ունեն այնտեղ ուսումնարան, աշակերտները ստանում են շաբաթական 2 կռան փող, հագուստ և ուսման բոլոր պարագայք։

Նույնը արեցին ամերիկացի միսիոնարները և Թեհրանի հայերի մեջ, հիմնելով այնտեղ երկու դպրոցներ, որոնց մեջ ուսանում