Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/139

Այս էջը հաստատված է

սովորաբար գնում են փոքրիկ քաղաքներ կամ մեծ գյուղեր և այնտեղ մնում են գործելու ժամանակավորապես։ Նրանք գնում են մինչև անգամ զանազան ազատաշրջիկ ցեղերի մեջ, որպիսիք են քուրդերը, թալիշները, գելաքները և այլք և այս ավազակների համար զենք են պատրաստում, նրանց թաբունի հետ այստեղ և այնտեղ թափառելով։ Զարմանալի է տեսնել մի ազգ, որ գիտե զենք շինելու արհեստը, բայց նրա գործածելը չգիտե...։

Հայերից կաշեգործներ չկան, որպես և կոշկակարներ, թամբ շինողներ։ Կաշիե գործվածները այն տեսակ նյութերի կարգին են պատկանում, որ պարսիկ շարիաթի համեմատ կարող են պղծություն ընդունել. այս պատճառով պարսիկը կաշվեղեն հայից չէ գնում. թեև Եվրոպայից բերած կոշիկները պարսիկը առնում և հագնում է, բայց այս դեպքում նա չի ուզում մտաբերել, թե նրա պատրաստողը ինչ ազգից է...։ Այնուամենայնիվ հայը կարող է կոշկակարի խանութ ունենալ, երբ նա բաց է անում հայոց թաղում և միայն հայերի համար է բանում։ Այս առանձնական արհեստավորների կարգիցն են սափրիչները. պարսիկը իր մազերը հային կտրել չէ տալիս։ Հայերից չկան քաղաքներում և ներկարարներ. պարսիկը յուր սենյակի պատերը հային ներկել չէ տալիս, եթե սա մի այդպիսի բան աներ, այն ժամանակ չէր կարող աղոթել այն սենյակում, որի պատերը պղծված են հայի ձեռքով։ Այս արհեստը, նույնպես և նկարչությունը շատ առաջ է գնացած պարսիկների մեջ։ Ոչ ոք այնպես գեղեցիկ չէ կարող նկարել սենյակի պատերը, որպես պարսիկը։ Այստեղ մարդ տեսնում է պարսիկին իր երևակայության ճոխ ֆանտազիայով։ Նրա պատերի վրա նկարված է յուր սիրելի ջեննաթը յուր հուրիներով և փերիներով, մշտականաչ արմավենիներ, սիրամարգներ, վարդի թփեր յուր գույնզգույն սոխակներով և թութակներով, կիսամերկ կանայք կամ ածում են կամ պար են գալիս. մի խոսքով ամեն հրաշալիք, որով միշտ հրապուրվում է արևելքը...։

Անձնատուր եղած երևակայական ցնորամտության, պարսիկ պարզությունը ուշադրություն չէ դարձնում իսկականի վրա. այս պատճառավ նրանց նկարների մեջ մարդ երբեք չէ տեսնում բնությունը։ Այսպես է և պարսիկ բանաստեղծությունը, նրա մեջ ամենևին չկան բնության նկարագիրներ, նրա մեջ դուրս բերված անձնավորություններն անգամ մի տեսակ հրեշտակներ են, որ ապրում են բանաստեղծի երևակայության մեջ։

Քաղաքաբնակ հայերի գլխավոր պարապմունքներից մեկն է