Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/141

Այս էջը հաստատված է

համար քաղցր լիքեոններ. բացի դրանից նրանք սովորել են պատրաստել ուրիշ տեսակ եվրոպական ըմպելիներ, այժմ Թավրիզի մաստիկան յուր հատկությամբ պակաս չէ եվրոպականից։ Պարսկաստանում խնձորից պատրաստված գինիները հիանալի են։

Պարսիկները իրանք էլ սովորել են գինի շինել. Շիրազի գինին առաջին տեղը կարող է բռնել բոլոր եվրոպական գինիների մեջ։ Նա չի վաճառահանվում, միայն մասնավոր մարդիկ պատրաստել են տալիս և պարսիկ մեծամեծներին ընծա են ուղարկում։

Խոսելով արհեստների վերաբերմամբ, չէ կարելի չհիշել և այն, որ Պարսկաստանում տակավին պահպանվել է արհեստավորների որոշ-որոշ դասեր կազմելու սովորությունը, որի նմանը դեռևս կա Թիֆլիսում համքար անունով, այլև Անդրկովկասի ուրիշ քաղաքներում պարսիկներից մնացած։ Բայց հայերը ամեն տեղ չեն մտնում պարսից համքարների մեջ. նրանք միշտ առանձին դասեր են կազմում և ունեն իրանց գլխավորը իրանց ազգից։ Այդ գլխավորները, օրինակ, դերձակապետը (խայաթ-բաշին). ոսկերչապետը (զարգարաբաշին), կառավարության առջև իրանց դասի ներկայացուցիչն են, և նշանակվում են տեղական կառավարությունից։ Դրանց ձեռքով է հավաքվում արհեստավորներից տուրքը, և դրանք են ներկայացնում կառավարությունը։ Արհեստավորների գլխավորը պահպանում է և միաբանությունն յուր դասի մեջ, դատելով և վճռելով արհեստավորների մեջ պատահած վեճերը։

Հայերի գյուղական կառավարությունը։ — Հայ գյուղերը լինեն դրանք արքունական թե մասնավոր կալվածատերերի սեփականություն` ունեն մի ռայիս (տանուտեր), որին ընտրում են իրանք գյուղացիք։ Տանուտերը ունի մի օգնական, որ կոչվում է գզիր. այս վերջինը գյուղի սատանան է, ամեն ծակը կմտնե, ամեն բան կլրտեսե և ամենի մասին զեկուցում կտա տանուտերին։ Տանուտերը գյուղի ծերակույտի գիտակցությամբ որոշում և բաժանում է հարկերը գյուղացոց վրա, հավաքում է տուրքը, ինքը ստացական է տալիս և ներկայացնում է ուր որ հարկն է։ Տանուտերը է միևնույն ժամանակ գյուղի հաշտարար դատավորը. նա վճռում է գյուղացոց մեջ պատահած վեճերը և պատժում է ոչ ծանր հանցավորներին. իսկ մեծ հանցանքները դատում է կամ գյուղի տերը կամ տեղային կառավարությունը։ Եթե տանուտերը լավ մարդ է` գյուղը միշտ շահում է նրա գործունեությունից և անկարգություններ շատ սակավ են պատահում։ Բայց վատ տանուտերը մի վնասակար գործիք է կալվածատիրոջ ձեռքում, որ զոհում է գյուղացոց բարիքը կալվածատիրոջ