Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/152

Այս էջը հաստատված է

թե զինվորներ են անցնում: Սարվազը ուր և գնում է թողնում է իր հետևից ամայություն: Քաղաքներում ամեն հանցանքի մեջ բռնվող մարդ սարվազն է: Նա բռնվում է գողության մեջ, աղջիկների, կնիկների, տղաների բռնաբարության մեջ, արբեցողության մեջ և այլն:

Սարվազը մնում է անպատիժ, գնդապետը և մյուս մեծավորները պարտավորված են պաշտպանել սարվազին, եթե չպաշտպանեն նրան, նոքա չեն կարող նորա չորս կոպեկից երկուսը անուշ կերպով ճաշակել․․․:

Շահի գանձարանից դուրս են գալիս ամեն զինվորի համար այդ չորսական կոպեկները, և ամեն ֆովջի 800 հոգի սարվազի հաշվին: Արդյոք ունի՞ ամեն մի ֆովջ 800 հոգի սարվազ, կարող է ունենալ, պատասխանում ենք մենք, այդ դժվար բան չէ:

Ամեն մի գլխավոր քաղաք հասնելու ժամանակ, գնդապետը (սարթիբը) յուր ֆովջի համար պիտի տա, որ կոչվում է սան: Նա վարձում է փողոցում մի քանի համալներ, հագցնում է նրանց սարվազների պաշտոնազգեստը, կանգնեցնում է սարվազների շարքում, և նոցանով լրացնում է թիվը:

Չնայելով այսպիսի չնչին թոշակին, Պարսկաստանում շատերը ցանկանում են սարվազ դառնալ, եթե պարտադիր իսկ չէ ծառայությունը. պատճառը հասկանալի է. սարվազը որպես հիշեցինք վայելում է մի քանի կեղտոտ արտոնություններ: Ժողովրդի մեջ ամեն մի անբարոյական սրիկան միշտ պատրաստ է սարվազի ֆանողան վզին ձգել և ամեն տեսակ լրբություններ գործելու իրավունքը ստանալ: Նշանավոր մարդիկը ևս ցանկանում են իրենց որդիքը տալ սարվազներ լինելու այն նպատակով, որ նոքա ունենալով սարվազներ, մի կողմից, ազատվում են ուրիշ սարվազների հարստահարությունից, մյուս կողմից, նրանք կարողանում են ճնշել ուրիշներին:

Սարվազների համար չկա որոշ ժամանակ, թե քանի տարի պիտի ծառայեն: Նա յուր կյանքում մնում է միշտ սարվազ, եթե մի քանի տասնյակ թուման յուր գնդապետին չվճարե, իրան ազատելու համար:

Սարվազների համար զինվորական կրթություն չէ պահանջվում. սարվազը կարող է լինել ամեն մի մարդ, յուր հասակի ամեն մի աստիճանում և կարող է առանց նախապատրաստական մարզության վարել յուր պաշտոնը, փույթ չէ, թե նա չգիտե թե հրացանի գնդակը որտեղից են ձգում և փիստոնը որ կողմից դնում: