Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/153

Այս էջը հաստատված է

Սարվազին չի կարելի ճանաչել, քանի որ նա յուր տանն է. նա ման է գալիս ժողովրդի հասարակ հագուստով։ Նա հագնում է յուր համազգեստը, երբ որևիցե քաղաքի ալակափոփ բակում պիտի տար յուր սանը (համարը)։

Առանց ծիծաղի չէ կարող մարդ նայել մի այսպիսի խառնիճաղանճ բազմության վրա. մինը կարճ, մյուսը երկար փափախով, մինը լապչիքով, մյուսը կոշիկով, մինը տրեխով, մյուսը քոշերով, և այլն։

Ես ներկա էի մի այսպիսի սանին, երբ սուլթանները (հիսնապետները) խնամքով աշխատում էին ուղիղ կերպով շարել սարվազները. հիսնապետը մի սարվազին ասաց.-

— Ահմադ, ուղիղ կանգնիր։

— Ինչո՞ւ ես միայն, — պատասխանեց Ահմեդը կոշտությամբ.- թող Հասանն էլ ուղիղ կանգնի, որ ես էլ կանգնեմ։

Տասնապետը ասում է մի այլ սարվազին.

— Ղասըմ, ոտքդ ուղիղ դիր։

— Սուտ ասողի հոր գերեզմանը անիծած, եթե ուղիղ չէ,- պատասխանում է Ղասըմը...

Զինվորական հնազանդությունը (դիսցիպլինա) այդ աստիճանումն է պարսից զորքի մեջ։

Ինչ որ վերաբերում է համազգեստի ձևերին, դա կարող է ամենածիծաղելի տարազը դառնալ մասկարադ բալերում (դիմակահանդեսներում)։

Բայց թե ինչպես են ընտրվում զինվորապետները, բավական է հիշել մի երևելի պատկերահանի մի ծիծաղելի կարիկատուրան։ Նա նկարել է Մադուա Ալի խանի արու սերունդը, որոնք իրանց մոր արգանդից մինչև կեսը ծնված միջոցին հայտնվում էին սարթիբի (գնդապետի) էպոլետները ուսերին կրած, արևի և առյուծի շքանշանը շլինքիցը քարշ ընկած։

Զորապետի որդին դառնում է զորապետ, իշխում է յուր հոր ֆովջերին, եթե նրան այդ պաշտոնը ստանալու համար կնստեր մի քանի հարյուր թուման: Փողի շնորհիվ նա ոչ միայն կարող է դառնալ սուլթան, յավար, սարհանգ, սարթիբ, միրֆանջ, ամիրթուման և այլն, նույնիսկ ոչինչ չգործած նրան հեշտ է ստանալ փայլուն տիտղոսներ, որպես սուջայվուշ-մուլք (տերության քաջը) մասիրուլ-դովլա (տերության սուրը) կամ մուշարդ-դովլա։

Մի քանի տարի առաջ մի զորապետ Մավրի պատերազմում իր ֆովջերով գերի ընկավ թուրքմենների ձեռքը, կովի դաշտից փախչելու