ժամանակ։ Նա հարուստ լինելով կարողացավ ազատել յուր անձը մի քանի հարյուր թումանով։ Բայց Թեհրան գալուց շահից ստացավ սուջայվուշ-դովլա (տերության քաջը) տիտղոսը։
Սարթիբը (ժեներալը) ստանում է պարսից կառավարությունից 800 թուման ռոճիկ, ասել է 2300 ռուբլի ռուսաց փող: Այդ գումարը Սաֆարի ժամանակ նրա առավոտյան նախաճաշիկի փողը չի լինի։ Նա ծախս է անում մի քանի հազար թուման. այսուամենայնիվ նա չէր հրաժարելու յուր ֆովջից, եթե այդ 800 թումանն էլ չտային և իրանից մի քանի հազար ևս պահանջեին։
Ինչո՞ւ։
Խիստ երկար կլիներ մանրամասնաբար գրել այն բոլոր եկամուտների մասին, որ նա շահում է յուր ձեռքում ֆովջ ունենալու միջոցով, բավական է հիշել, որ սարթիբը կալվածատեր է, գյուղեր ունի, ուրեմն և գյուղացի ռայաթներ (հպատակներ) ունի։ Նա գտնվելով զինվորական պաշտոնի մեջ, կարողանում է յուր գյուղորայքը յուր կամքի ուզածին պես կառավարել, այսինքն` հարստահարել խեղճ շինականներին և ծծել նոցա կենսական ուժի մինչև վերջին կաթիլը:
Մի քանի գաղղիացի մոլաշրջիկ աստիճանավորներ, չգիտեմ ինչ դիպվածով Պարսկաստան գալով, և ռուսաց ապստամբած զորապետ Սամսոնն փոքր ի շատե մտցրին Պարսկաստանում զինվորական կրթության մի քանի հասարակ ձևեր։
Ես տեսա այդ ֆովջերից ամենակրթյալը, որ կոչվում է խասա ֆովջ (ընտիր գունդ), ինձ թվում էր, թե գյուղացի երեխայք հավաքված զինվորական խաղեր էին ներկայացնում։
Քսան տարի առաջ Նասր-էդդին շահը կազմեց մի ֆովջ հայերից և ասորիներից։ Աչքի առաջ ունենալով քրիստոնյաների հավատարմությունը, նա կամենում էր նոցանով շրջապատել յուր պալատը։ Այդ գունդի բոլոր զորապետները գեներալից սկսած մինչև վերջին տասնապետը հայեր էին:
Զարմանալի բան, պարսից զինվորների անբարոյականությունները երևեցան և հայ զինվորների մեջ, նոքա սկսեցին նեղացնել ոչ միայն օտարազգիներին, այլև իրանց համազգիներին, մինչև հայ ժողովուրդը զզվեցավ և խնդրեց բարձրագույն կառավարությանը վերացնել զինվորագրությունը իրանց մեջից:
Սարվազը սաֆարում պարտավոր էր յուր հացը պատրաստի առնել բազարից, այդ պատճառով տերությունը չէ մտածում ունենալ զորքերի համար հացի ամբարներ։