Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/160

Այս էջը հաստատված է

Քրիստոնեությունն աշխարհ եկավ. նա յուր դրոշի վերա գրած ուներ այս խոսքերը. «աստված հոգի է և նորա երկրպագողներն էլ պետք է որ հոգով և ճշմարտությամբ երկրպագություն տան»։ Բայց քրիստոնեությունը իր պարզությամբ, յուր բոլոր հոգեկան զորությամբ երկար ժամանակ չկարողացավ դարձնել ժողովուրդը դեպի ճշմարիտ աստվածապաշտություն, այն որ մարդու սրտի և հոգու մեջ յուր հիմքն ունի։ Որովհետև ժողովուրդը վաղուց արդեն սովորած էր յուր աստվածը յուր աչքի առջև տեսնել, յուր շրթունքներով և ձեռքերով շոշափել և նորա նյութական մարմինը պաշտել...

Հռոմի եկեղեցին, կռապաշտության այդ վաղեմի վարպետը, սկսյալ Կռոնոսի ժամանակներից, ժողովրդի նյութապաշտության կույր օժանդակ դարձավ, և իր տաճարները զարդարեց այն բոլոր շքեղություններով, որ կարող էր ազդել արտաքին զգայանքների վերա, որ կարող են հրապուրել նորա անհավատությունը խայտաճամուկ երևույթներով միայն։

Բայց ժողովուրդը միշտ միակերպ չի մտածում, նորա ճաշակը կրթվում է, նորա միտքը զարգանում է, և հետևապես նորա պահանջմունքները փոխվում են։ Նա կրոնքի միջից սկսում է դուրս ձգել այն, որ նյութական է, և որոնում է հոգևորը, այն, որ բարոյական ուժ ունի, այն որ մաքրում և ազնվացնում է բնավորությունը։ — Դա աստծո կենդանի խոսքն է. ինչ եկեղեցում նա չի լսում, ժողովուրդը հետզհետե դադարում է այնտեղ մուտք գործելուց... Եվ ի՛նչ եկեղեցի աշխատում է միայն ծեսերի և արարողությունների զորությամբ պահել ժողովուրդը, նա հիմք չունի։

Այժմ ես հասկանում եմ, թե ինչու այս հայերն յուրյանց մայրենի եկեղեցին թողած հավաքվել են այստեղ. — ես կրկին դառնում եմ դեպի բողոքականների ժողովարանը։

Քարոզը վերջացավ մի կարճ մաղթանքով, երգվեցավ մի թեթև երգ, և այնուհետև բազմությունն սկսավ ցրվիլ։ Բայց ոմանք մնացին, երևում էր, որ դորանք եկել էին լոկ հետաքրքրության և մանավանդ վիճելու համար. վերջիններս մահմեդականներ էին։ Վիճաբանության առարկան սկզբում Քրիստոսի աստվածության մասին էր։ Մստեր Ստեյն, ամերիկացի քահանան, թեև երևում էր բավական հմուտ աստվածաբանության մեջ, բայց պարսից և թուրքաց լեզուները լավ չտիրապետելու համար` դժվարանում էր պատասխանել։ Նույն միջոցում մի ծերունի մոլլա, որ հեռվից նորան լուռ լսում էր, մոտեցավ վիճողներին և պահանջեց մի պարսկերեն աստվածաշունչ։ Այնուհետև դառնալով դեպի միսիոնարը, նա