Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/161

Այս էջը հաստատված է

խնդրեց, որ թույլ տա յուր փոխարեն պատասխանել։ Միսիոնարը հաճեցավ, վիճաբանությունը տևեց երկար և անդադար փոփոխվում էր մի խնդրից մյուսը։ Բոլորը ինչ որ կարողացա եզրակացնել մոլլայի խոսելուց, այն էր, որ իսլամի այս ծերունի կրոնավորը երկար ժամանակ և խիստ հաստատուն կերպով ուսումնասիրել էր աստվածաշունչը, նորա փաստերը և բերած ապացույցները անկեղծ էին և պինդ համոզմունքից առաջ եկած։ Մոլլային կամակից էին և մի քանի ուրիշ պարսիկ դպիրներ, որոնց թվում կար և մի սեիդ իսլամի մարգարեի սերունդից։ Նրանք գործ էին ածում երկու զենք քրիստոնեությունը պաշտպանելու համար, մինը` աստվածաշունչ գիրքը, մյուսը` մահմեդականության փտած կազմակերպության ցուցմունքը։

Շատ վտանգավոր բան է, երբ մի կրոնքի ընդդեմ զինվորվում են այն անձինքը, որ իրանք նույն կրոնքի վարդապետներ են. որովհետև նորանք գիտեն և ծանոթ են յուրյանց կրոնքի թույլ կողմերին, ուստի հեշտությամբ կարող են խորտակել նորան։ Եվ այսպես քրիստոնեությունը գտանելով յուրյան հետևողներ մոլլաների մեջ, սպառնում է մեծ վտանգ իսլամին, որ յուր հիմքը պաշտպանում է միայն ժողովրդի մոլեռանդության մեջ։ Այսպես էլ եղավ և քրիստոնեության մեջ. հռովմեական վանքերի ցեխից դուրս եկան այն մարդիկը, որոնք Հռոմի սարսափելի թշնամիքը դարձան. բողոքականությունը նորանց արդյունքն է։

Հետևյալ օրը ես բողոքականների երկսեռ դպրոցը մտա, ուր խառն սովորում էին աղջիկներ և տղաներ. նորանց թվում գտա մի քանի աշակերտներ և աշակերտուհիք թուրքերից, իսկ մնացյալները հայեր էին։ Առաջին քաղցր տպավորությունը, որ գործում է այցելուի վերա, է ամերիկական մանկավարժության կանոնավոր կազմակերպությունը, մանավանդ մի այնպիսի երկրում, ուր բնիկների երեխաները դեռ սովորում են ժամատների բակերում, տիրացուների ձեռքով, կամ մզկիթների խուցերում տգետ մոլլաների ձեռքով։

Վարժուհին, որ կոչվում էր միս Ջուիդ, խիստ պարզ կերպով խոսում էր հայերեն և թուրքերեն. նա գիտեր այդ երկու լեզուների դպրությունը այնքան, որ կարողանում էր նույն լեզուներով ավանդել աշակերտներին ուսանելի առարկայք։ Թեև աշակերտուհիքը նույն միջոցին պարապված էին ձեռագործներով և աշակերտները գեղագրությամբ, բայց վարժուհին ցանկացավ, որ ես տեսնեի, թե որքան առաջ էին գնացած նորանք հայերենի մեջ։ Եղավ մի փոքրիկ