Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/164

Այս էջը հաստատված է

հազար ռուբլու։ Այն ժամանակ միայն ժողովուրդը հասկանում է յուր կործանումը և սկսում է բողոքել։ Դառն աղքատության ստիպմունքն ավելի զորավոր է լինում, քան կրոնական զգացմունքը, և ժողովուրդը սկսում է կղերի դեմ սպառնալ. «Եթե դուք մեր պարտքերի մասին մի հոգացողություն չանեք, մենք պատրաստ ենք ընդունել բողոքականություն, և բողոքականների առաքելական ընկերությունը կվճարե մեր պարտքերը»։ Աբեղաները նրանց հանգստացնում են. «Դուք անհոգ կացեք, մենք մարդիկ կուղարկենք դեպի աշխարհի զանազան կողմերը, փող կհավաքեն, կբերեն, ձեր պարտքերը կտանք»։

Ժողովուրդն այս հույսով «անհոգ» է մնում… նա սկսում է ավելի պարտքեր անել, յուրյան ավելի զվարճության տալ, որովհետև մի քանի ամսից հետո, առանց յուր աշխատության, նորա պարտքերը վճարվելու են...

Եվ իրավ, շատ ժամանակ չէ, որ վանքի միաբանության կողմից երեք խումբ մուրացկաններ ճանապարհ են ընկնում դեպի աշխարհի զանազան կողմերը. մեկը գնում է դեպի Հնդկաստան, մյուսը դեպի Ամերիկա, իսկ երրորդը դեպի Եվրոպայի կաթոլիկ երկրները։ Նորանք յուրյանց ձեռքում ունենում են թղթեր, վկայականներ միաբանության կողմից ստացած, որոնց մեջ ամենասարսափելի գույներով նկարագրված է լինում Պարսկաստանի կաթոլիկ եկեղեցու թշվառությունները, նոցա նյութական չքավորությունը, որ առաջ է եկել պարսիկների և նոցա կառավարության հարստահարությունից (ինչո՞ւ ո՛չ իրանց` աբեղաների հարստահարությունից…)։

Ողորմություն հավաքողների խումբերը վերադառնում են. որքա՞ն փող են բերում, հայտնի չէ, միայն կղերն սկսում են այնուհետև գյուղացոց պարտքերը տալ։

Բայց որպե՞ս։

Կղերն սկսում են մի կողմից գնել գյուղացոց կալվածները, որ զանազան վաշխառուների մոտ գրավ դրվելով` տիրացել էին, և այսպիսով վանքի միաբանությունը գյուղի ամենաընտիր արտերը և այգիները գցում է յուր ձեռքը։ Մյուս կողմից նա գյուղացիներին փողը տոկոսով է տալիս և նորա մնացյալ կալվածները յուր մոտ գրավ է դնում, և այսպիսով ժողովուրդն յուրյան պարտական անելով, բոլորովին ստրկացնում է…

Գյուղացիք սարսափում են. «այդ ի՞նչ էր, որ դուք մեզ հետ արեցիք» — գոռում են նորանք, — «Փողը եկեղեցու անունով է հավաքված,