Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/167

Այս էջը հաստատված է

է, փողի կարոտություն ունի, կամ վերջապես զանազան պատճառներով յուր եկեղեցուց զզված է։

Պարսկաստանի հայոց հոգևոր կառավարությունն այսպիսի մի բարձր նշանակություն ունի, որ եթե յուր պարտավորությունները խղճմտաբար կատարելու լինի, նա կարող է լիակատար բավականություն տալ յուր ժողովրդի պահանջներին, որ նա ամենևին դեպի այլադավան եկեղեցիները հարվելու ցանկություն չունենա։

Մեր ասածն ավելի շոշափելի կերպով ապացուցանելու համար, նախ խոսինք այն բանի վերա, թե ինչ նշանակություն ունի Պարսկաստանում հոգևոր կառավարությունը։

Պարսկաստանը յուր ծայրահեղ միապետական կառավարության մեջ դարձյալ չկարողացավ թուլացնել իսլամի հոգևոր — աստվածապետական զորությունը։ Մոլլան միշտ մնաց յուր բարձր նշանակության մեջ որպես կրոնքի և սուրբ օրենքի ավանդապահ, որպես մեծ մարգարեի և նրա հաջորդների ներկայացուցիչ, որոնք յուրյանց ձեռքում ունեին ժողովրդի թե՛ հոգևոր և թե՛ մարմնավոր իշխանությունը։ Այս պատճառավ մահմեդական հոգևորականությունը վայելում է խիստ ընդարձակ իրավունքներ ժողովրդի կյանքի մեջ։ Այս իրավունքներից չզրկվեցան և ոչ-մահմեդական ազգերի հոգևոր ներկայացուցիչներն յուրյանց ժողովրդի վերաբերությամբ։ Հայերի հոգևոր առաջնորդը համարվում է հայ ժողովրդի որպես եկեղեցիական, նույնպես և աշխարհային գլխավորը. տերությունը նորան է ճանաչում, որպես ազգի ներկայացուցիչ։ Նա իրավունք ունի միջամտություն գործելու հայերին վերաբերյալ բոլոր գործերի մեջ։

Մի այսպիսի իրավունք վայելում էր մի ժամանակ Կ. Պոլսի հայոց պատրիարքը, բայց Կ. Պոլսի մտածող հայերն այնքան խոհեմ գտնվեցան, որ պատրիարքի կղերա-միապետական իշխանությունը փոխեցին սահմանադրական վարչության։ — Դա մի արտոնություն էր, որ ազգը համարյա անգիտակցաբար ստացավ, այն ժամանակվա թուրքաց կառավարության նեղ դրությունից օգուտ քաղելով։ Թեև սահմանադրությունը այն օգուտները չբերեց, որքան կարող էր և որքան սպասվում էր, որովհետև պոլսեցի պոռոտախոս էֆենդիներն այնքան գործ չշինեցին, որքան դատարկ աղմուկներ բարձրացրին, այսուամենայնիվ սահմանադրությունը դարձյալ կմնա յուր արժանավորության մեջ, որպես մի ժանգոտված, բայց հատու զենք, որ լավ բանեցնողի ձեռքում կսրբվի և կրկին կստանա յուր նշանակությունը։