Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/174

Այս էջը հաստատված է

տվեց յուր պատկերը։ Առաջին հարցաքննությունը, որ եղավ 1875 թվին, գրավեց մինչև անգամ քաղաքում գտնված եվրոպացիների և եվրոպական կոնսուլների ուշադրությունը, որոնք յուրյանց ներկայությամբ պատվեցին հայ մանուկների ուսման հարցաքննությունը։ Ներկա էր նաև քաղաքի արտաքին գործոց վեզիրի փոխանորդը, որ մինչ այն աստիճան գոհ մնաց, որ նվիրեց դպրոցին մի նշանավոր գումար։

Հիշյալ վերանորոգությունից հետո Դավրեժո ազգային դպրոցը թեև տակավին ունի յուր ինչ-ինչ թերությունները, բայց երկրի դրության նայելով նա կարողացել է դպրոցների կատարելատիպը համարվիլ։ Իբրև ապացույց` ես հարկավոր եմ համարում հիշել, որ շատ ժամանակ չէ Գավրեժի արքունի դպրոցի[1] տեսուչը այցելության եկավ մեր դպրոցը, դա էր գեներալ Միրզա-Ջավադ-խանը. գիտե գաղղիերեն և բավականին կրթյալ երիտասարդ է։ Նա տեսնելով հայոց դպրոցը շատ գոհացուցիչ գտավ նորա կազմակերպությունը և պահանջեց ուսումնարանի ծրագիրը։ Այս այցելությունից հետո մի քանի շաբաթ հազիվ էր անցել, որ պատվելի տեսուչը ուղևորվեցավ դեպի Թեհրան, այն նպատակով, որ այնտեղ աշխատե, գուցե կարողանա փոխել տալ Դավրեժի արքունի դպրոցի ծրագիրը, որ տրված էր լուսավորության վեզիրից։

Բայց մի ուրախալի երևույթ այն է, որ դպրոցը, մանավանդ հայ դպրոցը գրավում է մահմեդական բարձր հոգևորականի ուշադրությունը։ Այս օրերում Դավրեժի մեծ մուշտայիդը, որ կոչվում է Հուջաթ-ուլ-իսլամ (իսլամի հաստատությունը) յուր այցելությամբ նույնպես պատվեց մեր դպրոցը։ Նորին սրբազանությունը ման եկավ բոլոր դասատները, ամենի մեջ հարցրեց ուսանելի առարկաները, քննեց, թե որքան աշակերտները առաջ են գնացած պարսկերենի

  1. 1 Խոստանալով ուրիշ անգամ ավելի մանրամասն գրել Դավրեժի արքունի դպրոցի մասին, առայժմ այսքանը կասեմ, որ նա ամբողջ Պարսկաստանում գտնված երկու արքունի դպրոցներից երկրորդն է. հիմնվեցավ այս տարի։ Ինչպես մի մարդ երկար ժամանակ սոված մնալով, ձեռն ընկած կերակուրները մի անգամով ուզում է լափել, այնպես էլ եվրոպական կրթության պարսիկները հիմնելով եվրոպական ձևով մի դպրոց (՞՞՞), կամենում են բոլոր ուսմունքները և գիտությունները նորա մեջ ամփոփել։ Այժմ Դավրեժի անդրանիկ արքունի դպրոցի մեջ ինչ ասես դաս են տալիս.— այբ-բեն, փիլիսոփայություն, բժշկություն, ճարտարապետություն, զինվորական կրթություն և շատ այսպիսի ություններ... Այսպիսի մի դպրոցի հետ կարող է համեմատվիլ միայն... և մի հռչակավոր կախարդի (անունը մոռացել եմ) ներկի կարասը, որտեղից նա ամեն գույներ դուրս էր բերում,— կարմիր, սպիտակ, դեղին, սև, կանաչ և այլն։