Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/176

Այս էջը հաստատված է

— Ժողովուրդը աղքատ է, նորան շատ ձանձրացնել չի կարելի, նա որքան կարող էր տվավ։ Ոմանք ասում են, — թե աշակերտների վերա վճար նշանակենք։ — Այն ժամանակ աղքատ ծնողներն յուրյանց որդիքը կհանեն և բողոքականների դպրոցը կտան, ուր ամեն ինչ ձրի է։

Ոմանք ասում են, թե դպրոցի ուսումնական շրջանը նեղցնենք, դասատներից մի քանիսը փակենք, ուսուցիչների թիվը պակասեցնենք, որպեսզի ծախսերը փոքրանան, — այն ժամանակ դպրոցը կկորցնի յուր նշանակությունը։ Վերջապես շատ տեսակ խոսքեր են ասվում, բայց մենք դոցա և ոչ մեկը նպաստավոր չենք գտնում։

Ապա ի՞նչ պետք է արած, կհարցնեն մեզ։

Նախ քան ուղղակի պատասխանելը մենք հարկավոր ենք համարում կրկին վերադառնալ դպրոցի սկզբնավորությանը և մեր կողմից առաջարկել մի քանի հարցեր, — ո՞վ հիմնեց այդ դպրոցը։ — Դպրոցը հիմնեց Սաթունյան եպիսկոպոսը։ — Ի՞նչ գումարով հիմնեց։ — Նա հիմնեց Ատրպատականի վիճակից ստացած հոգևոր արդյունքով։ — Այժմ այն արդյունքն ո՞ւր է մտնում։ — Նա մտնում է այժմյան առաջնորդի քսակը...

Եթե այդ քսակի հարցը վճռվելու լինի, ամեն ինչ պարզված է։

Խոսելով Պարսկաստանի հոգևոր կառավարության մասին, մենք արդեն ցույց տվինք, թե որպիսի աղբյուրներից է գոյանում առաջնորդի «հոգևոր արդյունքը» կամ այն եկամուտը, որը կոչվում է «հոգևոր պտուղ»։ Մենք դարձյալ կհիշենք։ Այս «պտուղն» ստացվում է այն հարկերից, որ առաջնորդը դրել է յուրաքանչյուր տան վերա։ Այս հարկերը նույնպես ստիպողական են, որպես արքունի հարկերը. եթե յուրյանց ժամանակին չստացվին, գործ կդրվին ազդու միջոցներ, որպիսի են` փայտ, ծեծ և այլն։ Այս «պտուղն» ստացվում է մկրտության, պսակի և թաղման համար, որ նույնպես եթե յուր ժամանակին չվճարվի, հիշյալ եկեղեցական արարողությունները կմնան անկատար։ Այդ «պտուղն» ստացվում է զանազան աղբյուրներից, որոնք այնքան անվայել են, որ նրանց շոշափելու ցանկություն չունինք... Բացի հիշյալ «պտուղներից», կա մի ուրիշ ևս, որ կոչվում է աթոռահարկ։ Դա մտնում է Մայր Աթոռի (Էջմիածնա) գանձարանը…

Պարսկաստանի հարստահարությանց տակ ճնշված մի ժողովրդի կրկին ծանրաբեռնել այսպիսի հոգևոր տուրքերով, վերջին աստիճանի անխղճություն է, բայց քանի որ ժողովուրդը ստիպված է տալու, թող տա, մենք նորա ջերմեռանդությունը վիրավորելու