Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/178

Այս էջը հաստատված է

Արդարև, մենք սկզբում խոսելով Պարսկաստանի հոգևոր կառավարության բարեկարգելու մասին, առաջարկեցինք սահմանադրական վարչություն. այո՛, բախտավոր կլիներ Պարսկաստանի հայը, եթե մեր երազն իրագործվեր... Բայց քանի, որ գիտենք մեր այստեղի ազգայնոց անհոգությունը, առայժմ մեր կողմից բոլորովին անրջային ցնորք կլինի առաջարկել մի այսպիսի ձեռնարկություն: Առհասարակ հայերն ապագա պատրաստելու մեջ խիստ անփույթ են, և մանավանդ Պարսկաստանի հայը...

Ուրեմն ի՞նչ պետք է անել — բարեկարգել վիճակային հոգևոր կառավարությունը և նորան յուր այլանդակություններից կանոնավոր ձևերի վերածել, — դա առաջին քայլն է դեպի սահմանադրություն, դորանով ուղին հարթվում է նույն նպատակին հասնելու:

Բայց ո՞րպես բարեկարգել, — այստեղ է գլխավոր հարցը:

Բայց որովհետև բարեկարգության հարցը մի այսպիսի, բաղադրյալ խնդիր է, որ այժմյան մեր հոդվածի համառոտությունը չի ներում նորան ավելի մանրամասնաբար ընդարձակելը, մենք խոստանում ենք բացատրել դորան մի շարք հոդվածներով։ Իսկ առայժմ կասենք մի քանի ընդհանուր խոսքեր։

Մենք բոլորովին ընդդեմ ենք կոնսիստորիային, կամ մտցնել Պարսկաստանում այն ատենական կազմակերպությունը, որ բաղկացած է լինում միմիայն եկեղեցիականներից` որևիցե առաջնորդի նախագահությամբ։ Եվ որովհետև Պարսկաստանի հոգևոր կառավարությունը միացնում է յուր մեջ թե՛ հոգևոր և թե՛ աշխարհային իրավունքները, այս պատճառավ, և նորա կենտրոնական վարչությունը պետք է կազմված լինի թե՛ հոգևորականներից և թե՛ աշխարհականներից. — առաջինները որպես եկեղեցու ներկայացուցիչներ, իսկ վերջինները որպես ժողովրդի ներկայացուցիչներ։ Վիճակային առաջնորդը կլինի ատյանի նախագահը. իսկ գործերը կվճռվեն ժողովի ընդհանուր հավանությամբ։ Այն ժամանակ բոլոր վիճակային «հոգևոր արդյունքը», որ ստացվում է այլևայլ անուններով, կանոնավոր սահմանի մեջ դրվելով, կհավաքվեն և կմտնեն ազգային կենտրոնական սնդուկը և ոչ առաջնորդի քսակը, որ մինչև այժմ լինում էր։

Հիմա տեսա՞ր. ընթերցող, քսակի հարցը մասամբ վճռվեցավ. բայց կարելի է դու հարցնես` ապա առաջնորդն ինչո՞վ պետք է ապրի։ — Մենք կսահմանենք նորա համար մի որոշյալ ռոճիկ, որքան կբավականանա մի եկեղեցականի համեստ կեցությանը։ Այսպիսով, մենք շահած կլինենք երկու բան. առաջին` վիճակային հոգևոր