Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/180

Այս էջը հաստատված է

Դիցուք թե ժողովուրդը տգետ ջերմեռանդ է, և չէ հասկանում էջմիածինն ի՞նչ իրավունքով է քարշում Պարսկաստանից աղքատ և հազարավոր պետքեր ունեցող ժողովրդի արծաթը։ Չմոռանաք, որ երկու վանքերից մեկը, այսինքն` սուրբ Նախավկայի վանքը ունի մի ամբողջ գյուղ Դարաշամբ անունով, այս գյուղը պատկանում է վանքին, որ նվիրված է պարսից մեծ իշխան Նաիբ-ուլ-Սալթանայից[1]: Կարծեմ նորին բարձրությունը այն մտքով չնվիրեց այս գյուղը վանքին, որ նորա արդյունքը էջմիածինը տանե. նա նվիրեց պարսից տերության մեջ գտնված մի վանքի և Պարսկաստանի հայ ժողովրդի պետքի համար գործածելու։

Բացի վերոհիշյալներից կան և ուրիշ կալվածներ ևս, որոնց արդյունքը Էջմիածինն է տանում, որոնք, բոլորն էլ ամենայն իրավամբ, պետք է սեփականել Դավրեժի ազգային դպրոցին[2]:

Բայց ո՞վ պետք է իրագործե մեր առաջարկած բարեկարգությունները:— Մենք պատասխանում ենք.— ժողովուրդը։

Այո՛, ժողովուրդը, որովհետև նա է յուր իրավունքների պաշտպանը և տերը, նա պետք է բողոքե յուր վերա գործ դրված անիրավությանը դեմ, և նորա ձայնը այնքան ուժ և զորություն ունի, որքան նորա պահանջը իրավացի է և արդար։

Բայց մեր ժողովուրդը գիտե՞ այդ։— Ո՛չ, դժբախտաբար նա այնպիսի մի թմրյալ վիճակի մեջ է ապրում, որ գուցե չի էլ զգում,

  1. 1 Նաիբ-ուլ-Սալթանա` նշանակում է թագավորի փոխանորդը կամ երկրորդականը. այսպես կոչվում էր Աբբա-Միրզա մեծ իշխանը, որ յուր ժամանակին Պարսկաստանի Բիսմարկն էր։ Դա ռուսաց պարսից հետ պատերազմն ժամանակը Պարսկաստանի ամբողջ արևմտյան մասի փոխարքան էր, որ կապեց ռուսների հետ Թուրքմենչայի դաշնագրությունը։ Նույն ժամանակ, երբ Պարսկաստանի հայերն սկսեցին գաղթել դեպի Ռուսաստան, Աբաս-Միրզան ամենայն հնարք ի գործ էր դնում, որ արգելե գաղթականությունը, այս պատճառով նա շնորհեց հայերին շատ արտոնություններ, օրինակ, Դավրեժի հայերին բոլորովինն ազատ կացուց հարկավորությունից, մելիքներին, տանուտերերին մշտական ռոճիկներ սահմանեց, վիճակային առաջնորդին նույնպես թոշակ նշանակեց, նշանավոր եկեղեցիներին և վանքերին կալվածքներ շնորհեց, որոնց թվումն է և ս. Նախավկայի Ղարաշամբ գյուղը։
  2. 2 Մենք լսում ենք, որ Դավրեժի ազգային դպրոցի հոգաբարձությունն արդեն առանձին աղերսագրով դիմել է նորին վեհափառության կաթողիկոսին, խնդրելով, որ Ատրպատականի ինչ-ինչ կայվածքների և եկեղեցվո «աթոռային», արդյունքները, որ մտնում են մինչև այսօր էջմիածնի գանձարանը, այսուհետև հատկացվեն Դավրեժի ազգային դպրոցին։ Հուսով ենք, որ նորին վեհափառությունը, տեսնելով այս գործի կարևորությունը, կհարգե հոգաբարձության աղերսը, և այսպիսով մեծ շնորհ արած կլինի Պարսկաստանի աղքատ հայերին և նոցա դպրոցին, որ մեծ կարոտության մեջ է։