Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/181

Այս էջը հաստատված է

թե ինքը հարստահարված է... Գուցե նա համոզված է, որ գործերի կարգը հենց այնպես էլ պետք է լիներ, որպես առաջուց դրված է, որպես կա... որովհետև ինքը նորան սովորած է, ինչպես որ սովորած է, թե հորանջելու միջոցին պետք է բերանը խաչակնքել. եթե պատճառը հարցնես, կասե, իմ պապս էլ այսպես էր անում...

Բայց ամեն տեղ ամբոխը չէ, որ ներգործում է, նա շատ անգամ մնում է անտարբեր, ներգործում է միայն նորա ընտրյալ մասը. — մտածողները և հասարակական բանվորները։ Եվ մենք այդ ունինք, դորանցից զուրկ չենք։ Մեզանում ևս կան տղամարդիկ, որոնք թե՛ խոսքով և թե՛ գործքով պատրաստ են պատերազմել ճշմարտության համար... Թողյալ այդ, ժողովուրդն արդեն ունի յուր ներկայացուցիչները, — դա է Դավրեժո ազգային հոգաբարձությունը. նորա ոչ միայն սեփական պարտքն է պաշտպանել ժողովրդի շահերը, այլև իրավունք ևս ունի։

Հուսով ենք, որ Ատրպատականի այժմյան թեմակալ Անդրեաս եպիսկոպոսը, ուշադրության առնելով այս խնդիրը, յուր կողմից չի խնայելու ամեն աշխատություն և ջանք, որպեսզի յուր առաջնորդության օրերով վիճակային հոգևոր կառավարությունը մաքրվի հին կեղտերից և հեռացվի վաղեմի անկարգությունները։ Հուսով ենք, որ նորին սրբազանության օրերով կբարեկարգվի յուրյան հանձնարարված վիճակը, ստանալով մի նոր ձև և կերպարանք, որպես պահանջում է ժամանակը, որպես հարմար է ժողովրդի այժմյան պիտույքներին։ Եվ նորին սրբազանության ազնիվ հատկությունները բոլորովին երաշխավորում են մեր հույսը, թե նորա անունը Պարսկաստանի հոգևոր կառավարության բարեկարգության տարեթվի մեջ առաջին տեղը կբռնե։

* *

*

Վերջացնելով մեր հոդվածը չի կարելի մի քանի խոսք չասել Դավրեժի ժողովրդական ընթերցարանի մասին, որ բացվեցավ 1875 թվին։ Դա զետեղված է նույն տան մեջ, ուր գտնվում է քաղաքի ազգային դպրոցը և առաջնորդարանը։ Եկեղեցուն շատ մոտ է։

Դավրեժի հայ ժողովրդականք, ապրելով ասիական կյանքով, չունեին մի տեղ, մի կենտրոն, որ նոքա որոշյալ օրերում հաղորդակցություն ունենային։ Նորանց հարաբերությունները խիստ առանձնական էին։ Նորանք տեսնվում էին միմյանց եկեղեցում, ուր բանավոր հաղորդակցություն նոցա մեջ լինել կարող չէր։ Փողոցներում