Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/183

Այս էջը հաստատված է

էին և այս բոլոր մտավոր պատերազմի մեջ մեր ակամա հաճախորդը նկատում էր «չէ՛, ընթերցարանը մի ուրիշը բան է եղել» ասում էր նա յուր մտքում զարմանալով. — էստեղ մարդ շատ բան է սովորում։ Նա հետաքրքրվում էր, սկսում էր այնուհետև ինքը կարդալ, չգիտցած, չհասկացած տեղերը հարցնել և «բան սորվել»։

Այնուհետև այն պարոնները, որ սկզբում ակամա էին բերվում ընթերցարանը, սկսեցին իրանք հաճախել, սկսեցին գրքեր վարձել և տուն տանել կարդալու համար։ «Ինձ մի լավ գիրք տվեք, տանեմ տանը կարդամ», — ասում էր հաճախորդը, լավ գիրքը ընտրում էր ընթերցարանի կառավարիչը, որովհետև խնդրողը ոչ մի գրքի ծանոթ չէր, և ոչ մի գրքի անուն չգիտեր բացի «Սաղմոսից» և «Ավետարանից»։

Այնուհետև փոստայի ներս գալու օրը մի անհամբեր օր դարձավ. հաճախորդները շուտ վերա էին թափվում և հարցնում էին` «ի՞նչ նոր բան կա լրագիրների մեջ»։ Յուր պատասխանները հեշտացնելու համար ընթերցարանի վարչությունը ստիպված էր ամենից առաջ ինքն աչքե անցկացնել ստացած լրագրերը և ամսագրերը, և նշանակել նոցա ճակատի վերա նշանավոր հոդվածների անունները։

Այսպիսի երևույթները տալիս են մի մխիթարական հույս մտածելու, թե մի ժողովուրդ որքան էլ բթացած լիներ, որքան և անզգայացած լիներ դեպի հասարակային մտածողությունները, այսուամենայնիվ տոկուն և եռանդոտ աշխատությունը կարող է զարթեցնել նորա մեջ կյանք և ազնիվ զգացմունքներ։

Տեսնելով ընթերցարանի այսպիսի հաջող առաջադիմությունը, մենք չենք կարող չհիշել պարոն Հ. Հաջեյանին` պոլսեցի ազնիվ երիտասարդին, որ սկզբից մինչև այժմ տեսուչն է և նորա եռանդոտ հիմնողների պարագլուխն է եղել։ Նորա աշխատությամբ ընթերցարանը մեկ ու կես տարվա ընթացքում ունեցավ 700 հատոր հայերեն, գաղղիերեն, ռուսերեն, հունարեն, անգղիերեն, պարսկերեն, և այլ գրքեր. շարունակ ստանում է 8 օրինակ հայերեն լրագիրներ, 4 օրինակ գաղղիերեն, մեկ օրինակ պարսկերեն, մեկ օրինակ ռուսերեն. ստանում է նաև 5 օրինակ զանազան հայերեն ամսագրեր։

Ընթերցարանը բացի նորանից, որ բավականություն է տալիս հասարակության ընթերցասիրությանը, որպես հիշեցինք, Դավրեժի ազգային դպրոցին կից լինելով, նաև նպաստում է դպրոցին նորա առաջադիմության մեջ։ Ընթերցարանը յուր հաշվով բերել է տալիս բոլոր այն գրքերը, որոնցից վարժապետները և նոցա աշակերտները