Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/190

Այս էջը հաստատված է

Մովսեսը յուր տառապյալ Իսրայելը։ — Հնդկաստանում, դարձյալ նույն երկրում, ուր առաջ նա ողբում էր հայերի ցավալի կորուստը։ Նա դարձյալ հայերի փրկությունը գտնում է գաղթականության մեջ…

Ահա նրա խոսքերը.

«Ուրեմն ի՞նչ կարգելե այսօր այն հայերը, որ իրենց ծնված տեղվանքը կնեղեն ի չքավորութենե կամ ի բռնութենե, անգործութենե կամ ի տառապանաց, երթալ հոն այն տեղվանքը (Հնդկաստան), ուր իրենց ազգակիցքը երբեմն դժնդակ վիճակե մը ազատելու համար դիմեր և երջանկություն գտեր են։ (Ակնարկում է Պարսկաստանից դեպի Հնդկաստան առաջուց գաղթող հայերի վերա։ ) Երբ այն ատեն և անկից վերջն ալ նաև հոն դեռ բռնություն կա եղեր. վասն զի նաև հոն հնդիկ կամ մողոլ երբեմն կրոնամոլություն գործածելով, հայ եկեղեցին, իրան գմբեթը կկործանեն եղեր (Սուրաթի մեջ), բայց հիմա թե Բաբելոնի աշտարակի չափ ալ բարձրացնե ոք, արգելք դնող չկա Անգղիո և Հոլանդիո հովանվույն տակ…»

Որքան հատուկ է Տաճկաստանի լրագրությանը հրատարակել այսպիսի հիմար, վնասակար և մինչև անգամ խելագար գլուխների մտածությունքը, այնքան աններելի է «Արևելյան Մամուլին» որպես մի առողջամիտ ամսագրին, հետևել տգետների օրինակին, որոնք առանց մտածելու առանց նպատակի դուրս են վիժում յուրյանց գլխի ցնորքները։

Ինչ որ օգտակար է մի ազգի համար, շատ անգամ նա լինում է վնասակար մյուս ազգերին։

Անգլիացին, ֆրանսիացին և գերմանացին ուր և գաղթում են, յուրյանց հետ տանում են` գիտություն, արհեստ, ճարտարություն և վերջապես յուրյանց սուրը և քաղաքական դրոշը։ Նոքա նվաճում են մի երկիր, հիմնում են այնտեղ ազատ գաղթաշենք, և սկսում են օգուտ քաղել երկրի բնական հարստություններից։

Բայց ի՞նչ է տանում յուր հետ դեպի օտար աշխարհ հայ գաղթականը։ — Նա տանում է յուր հետ յուր անկիրթ գլուխը, յուր պանդխտության թույլ գավազանը և յուր ամեն զորության դեմ խոնարհվող ստրկական ոգին.... Ուր և գնում է նա հպատակ է։ Նա պետք է գտնե իրանից մի ավելի թույլ, թշվառ և տգետ ժողովուրդ, որ կարողանա նորան հարստահարել, նորանից օգուտ քաղել... Այո՛, ա՛յս բախտին հանդիպեցավ մի ժամանակ հայ գաղթականը, նա գտավ Գանգեսի ափերի մոտ իրանից ավելի մի թշվառ ժողովուրդ։ Բայց այն դարն անցավ։ Այժմ այնտեղ անգլիացին հրեղեն