Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/191

Այս էջը հաստատված է

սուրը ձեռին հրեշտակի նման հսկում է, ոչ ոքին թույլ չէ տալիս մոտենալ յուր զոհին…

Չնայելով այն բոլոր վնասներին, որ հայի առջև դնում է յուր անցյալի պատմությունն, նա դարձյալ ձգտում է գաղթել... Հայը յուր հանգստությունը և յուր բարօրությունը միշտ երևակայում է հայրենի երկրի սահմանի դրսում... կարծես, նորա բնիկ երկրի հորիզոնը յուր համար թունավորված լինի...

Հայի մի այսպիսի հատկությունն միտս է բերում մի առակ, որ շատ անգամ լսած եմ իմ պառավ տատիցը։ Նա տալիս էր մի առասպելական թռչունի անունը, — և թող այն թռչունը լինի հոպոպը, — ասում էր, թե հոպոպը ուր և յուր բույնը դնում էր, փոքր ժամանակից հետո գտնում էր յուր նոր օթևանը, բոլորովին հոտած։ Այս պատճառավ նա ստիպված էր անդադար փոխել յուր բնակարանը, որպեսզի կարողանա մի մաքուր տեղ գտնել։ Մի օր նա խորհրդով դիմեց ծիծեռնակին. «Բարեկամ, — ասաց նորան, — ի սեր աստուծո, ինձ մի ճանապարհ ցույց տվեք, մի՞թե չկա աշխարհի երեսին մի տեղ, ուր կարելի լիներ մաքուր օդ շնչել և հանգիստ լինել։ »— «Այստեղ ինչո՞վ է վատ, — հարցուրց ծիծեռնակը սառնությամբ»։ — Ա՛խ, քույրիկ, ես անբախտ եմ այստեղ, այս երկիրն ինձ համար չէ, ուր և բույնս շինում եմ, քանի մի օրից տեսնում եմ, այնպե՛ս վատ է հոտում, այնպես վա՛տ, որ ոչ միայն անտանելի է ինձ, այլև իմ մանրիկ ճտերին»։ — Ուրեմն դարձյալ միտք ունեք գաղթել, — հարցուրց ծիծեռնակը ժպտելով։— Ի՞նչ պետք է արած, քանի որ ապրել չեմ կարող... Ծիծեռնակը յուր գեղեցիկ դեմքը դարձրուց դեպի հոպոպը և ասաց այս խոսքերը։ — Ընկեր, փոխանակ անդադար բույնդ փոխելու, ավելի լավ կլիներ, որ խասիաթդ (բնավորությունդ) փոխեիր, որովհետև այդ ժահահոտությունն քո իսկ անձնանմաքրությունիցն է փչում... Եթե ոչ, աստուծո աշխարհը և այստեղ մաքուր է և սուրբ...

**
*

Մենք չենք կամենում հերքել, թե մի երկրի բնական հարստություններն և մինչև անգամ նորա աշխարհագրական դիրքն մեծ ներգործություն ունեն բնակիչների կյանքի ն նոցա զարգացման վերա։ Մենք գիտենք, որ կան երկրներ, ուր մարդը յուրյան շրջապատող հանգամանքներից ստիպված է լինել աղքատ թե՛ նյութապես և թե՛ մտավորապես։ Այսուամենայնիվ, Հայաստանը այն երկրների