Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/196

Այս էջը հաստատված է

Եվ ուրիշ կերպ լինել կարող չէր:

Ազգերի գաղթականության պատմությունն ներկայացնում է մեզ երկու տեսակ բախտախնդիրներ. մեկը որոնում է ոսկի, մյուսն` հող: Օրինակ, սպանիացին աստվածային Կոլոմբոսի հանճարով գտնում է Նոր Աշխարհը, և սկսում է կողոպտել խեղճ հնդկացիների կանանց ոսկի զարդերը, և անթիվ նավերով երկրի հարստությունները դեպի Սպանիա է կրում: Այս անակնկալ հարստության հեղեղը վերջապես ձգում է նույն ազգին աղքատության մեջ: Անգլիացին գնում է այնտեղ, ընտրում է երկրի ավելի արգավանդ մասը, և սկսում է մշակել նորան: Նա գտնում է յուր հարստությունը բնության մեջ, որ երբեք չէ սպառվում:

«Գանձ գտնող աղքատի որդիքը սոված կմեռնեն». իսկ «քրտինքով վաստակած հացը չի սպառվի»:

Հայը ուր որ գնում է, պատրաստի ոսկի է որոնում և շատ անգամ գտնում է, որպես գտան սկզբում Հնդկաստան գաղթող հայերը: Բայց նոցա որդիքն այժմ ուտելու հաց չունեն: Ինչո՞ւ: — Որովհետև ոսկին կապիտալ կամ հարստություն չէ. նա կարող է այսօր լինել և էգուց օդի մեջ ցնդվել... Հնդկաստանցի հայերն մինչև անգամ փչացրին յուրյանց սպահանցի ազգակիցներին, որոնք Պարսկաստանումն էին ապրում: Նոքա ուղարկում էին առատ ոսկի յուրյանց ազգականներին, որ թողել էին Պարսկաստանում: Սպահանցի հայը, սովորելով պատրաստի ոսկու գործածությանը, դադարեց գործելուց, ընկավ ծուլության և շռայլության մեջ և վերջապես աղքատացավ, երբ նորա Հնդկաստանից եկող թոշակն դադարեց:

**
*

«Արևելյան Մամուլի» պ. հոդվածագիրն գաղթականության շահերը ցուցանելու համար` օրինակ է բերում հրեաները, որոնք թեև աշխարհի ամեն անկյուններում ցրված են, այսուամենայնիվ, ունեն փառավոր դրություն և կատարյալ երջանկություն են վայելում...

Որպիսի՛ նախանձելի վիճակ...

Բայց մի՞թե հրեան ազգ է, մի՞թե նա կյանք և ապագա ունի...

Այո՛, համեմատության մեջ պ. հոդվածագիրն չէ սխալված: Եթե այսօրվա օրս հայերին կամեինք համեմատել որևիցե ազգի հետ, նոցա զուգակշիռը կգտնեինք միմիայն հրեաների մեջ. — մի թափառական ժողովուրդ, որ երկրի վերա ոչինչ հիմք չունի, որպես