զուրկ մնային մեր շնորհներից, և եկանք Պարսկաստան։ Այս մատուռն կլինի մեր բնակարանը, այստեղից մենք կթափենք մեր զորությունները ժողովրդի վերա։ Վեր կա՛ց, գնա՛, քարոզիր ժողովրդին, թող բերեն յուրյանց կաղերն, կույրերն ու անդամալույծներն, և նրանք բժշկություն կգտնեն»։
Իմամների Խոյ քաղաքում հայտնվելու լուրը կայծակի արագությամբ տարածվում է մինչև Պարսկաստանի ամենախորին ծայրերը, ամեն կողմից կույրերի, կաղերի, անդամալույծների և զանազան ուխտավորների ահագին բազմություն թափվում են դեպի հիշյալ քաղաքը և հրաշալի կերպով բժշկվում են...
Այո՛, բժշկվում են… թեև բժշկված մեկը ոչ ոք չէ տեսել, բայց ժողովուրդն ստեղծել է բժշկվածների հազարավոր անծանոթ անուններ և ջերմ ոգևորությամբ պատմում է բոլոր հրաշքները, որ կատարվեցան նրանց վերա։ Բժշկությունը և հրաշքները, որպես միշտ, կատարվում են սնահավատ ժողովրդի բորբոքված երևակայության մեջ...
Պարսկաստանում այսպիսի երևույթներ պատահում են խիստ հաճախ, բայց նրանց և ոչ մեկը մինչ այս աստիճան ցնորամիտ խաբեության հասած չէ եղել։ Ամեն ընտանիք, որի մեջ գտանվում է ախտավոր մեկը, դիմում է դեպի Խոյ քաղաքը իմամների շնորհը վայելելու և յուր ախտավորը առողջացնելու։ Թեև նրանց բաղձանքը չէ կատարվում, թեև կույրը վերադառնում է յուր տունը դարձյալ կույր աչքերով, այնուամենայնիվ, այսպիսիքը միշտ ունեն մի խոսք յուրյանց կարծիքը արդարացնելու. «Գուցե մեր հավատքը հաստատուն չէր, գուցե մենք ջերմեռանդ հույսով չդիմեցինք իմամի դուռը և նա չկատարեց մեր խնդիրքը»։— «Բայց Քարիմը և Հաշիմը բժշկվեցան, որովհետև նրանց միտքն ուղիղ էր»։ Բայց ո՞վքեր են այդ Քարիմը և Հաշիմը, ոչ ոք չէ ճանաչում, ոչ ոք չգիտե, նրանք ապրում են ժողովրդի երևակայության մեջ...
Այստեղից հասկանալի է, թե ո՞րպես ստեղծվեցան հրաշքները և որպես նրանք կրկնվում են մեր լուսավոր դարումը...
Բայց ցավալին այն է. որ այսպիսի երևույթները միշտ սպառնում են վտանգ տեղային քրիստոնյաներին։ Ժողովուրդը, գրգռված յուր ցնորամիտ մոլեռանդության մեջ, սկսում է հալածանք բարձրացնել քրիստոնյաների դեմ, ասելով. «անիրավներ, այսքան հրաշքներ տեսնելուց հետո, դուք դարձյալ պիտի մնաք ձեր անհավատության մեջ»։ Այսպիսով, այսօրվա օրս Խոյ քաղաքի հայերի կյանքը մեծ վտանգի մեջ է։