Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/203

Այս էջը հաստատված է

որոնք նա լցուցանելու ավելի պետք ունի։ Որպես սույն աղերսագրի հետ ներկայացուցած հաշվեցուցակից վեհափառությունդ կբարեհաճի նկատել, որ դպրոցը յուր միամյա ելևմտից մեջ բավականին բաց ունե և նույնը շարունակվելու է և հաջորդ տարիներում, եթե արդյունքի մի նոր աղբյուր չտնօրինվի։ Ի նկատի ունելով մուտքի և ելքի մի այսպիսի զգալի անհավասարակշռությունը, դպրոցի հոգաբարձությունը այժմ մեծ տագնապի մեջ է, մտածելով, թե դպրոցի մայր գումարն ամ ըստ ամե պակսելով, վերջապես կսպառվի, և այնուհետև ուսումնարանը փակվելու վիճակի պետք է ենթարկվի։

Ուրիշ աղբյուրներ չկան արդյունքի համար և կրկին քաղաքիս բարերար անձանց նվիրատվությանը դիմել` չէ կարելի, որովհետև նոցա յուրաքանչյուրն յուր կարողության համեմատ, որպես վեհափառությանդ հայտնի է, սկզբանե մի նշանավոր գումար նվիրած են։ Մանավանդ որպես մտածվում է, օրիորդաց ուսումնարան ևս պիտի հիմնվի, դարձյալ ծանրությունը նույն բարերար անձանց վերա ընկնելու է, որոց թիվը դժբախտաբար շատ փոքր է։ Աշակերտների վերա նորանոր վճարներ նշանակել անհնար է, որովհետև փոքր-ինչ զգալի ծանրությունը կստիպեցնե նոցա աղքատ ծնողներին մեր դպրոցեն դուրս հանել յուրյանց որդիքը և բողոքականների վարժատունը հանձնել, ուր ամեն ինչ ձրի է։

Դպրոցի մի այսպիսի անմխիթար նյութական դրությունը անշուշտ ձերդ վեհափառության բազմախնամ ուշադրությունը յուր վերա դարձնելու բախտն պետք է ունենա, որովհետև Պարսկաստանի փոքրաթիվ հայերը որպես կորուսյալ ոչխարներ արթուն հովվապետիդ կարեկցությանը ավելի շատ կարոտություն ունեն։ Որո վասն դպրոցի հոգաբարձությունը վստահանում է խոնարհաբար խնդրել, որ ձերդ վեհափառությունը բարեհաճի Ատրպատականի մի քանի մասնավոր վանքական և աթոռային մուտքերը տեղային հայերի պիտոյից համար գործադրել, հատկացնելով նորանց Դավրիժո ազգային դպրոցին։

Հիշյալ վանքական և աթոռային մուտքերը, որոց մասին դպրոցի հոգաբարձությունը, իբրև տեղային ժողովրդի ներկայացուցիչը, խնդրում է ձերդ վեհափառությունից հետևյալքն են. 1. Դոխարղանու այգվո եկամուտը. 2. Սուրբ Նախավկայի վանքի եկամուտի մնացորդից 100 ռուբլի. 3. Դավրիժո եկեղեցյաց սուրբ Աթոռի անունով հավաքված գանձանակադրամը։