Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/208

Այս էջը հաստատված է

Դա կատարյալ ստություն է։

Բայց այստեղ կա մի ուրիշ հարց ևս, որտեղ երևան է գալիս կղերական պատկերը յուր ամբողջ հոգևոր հարստահարությամբ։

Ամեն մարդ գիտե Պարսկաստանի հայոց թշվառությունը, ամեն մարդ գիտե, որ նա աղքատ է, և հայտնի է այդ ողորմելի աղքատության պատճառը։ Նորա ձեռքի բոլոր վաստակը գնում է զանազան տուրքերի: Նա պետք է տուրք վճարե դիվանին (կառավարությանը)։ Նա պետք է տուրք վճարե կալվածատերին, որի հողը մշակում է։ Նա պետք է տուրք վճարե սարփարաստին և այլն։ Ավելացնենք դոցա վերա և հոգևոր տուրքերը, նա առանձին տուրք է վճարում վիճակային առաջնորդին պսակի, թաղման և մկրտության համար։ Առաջնորդն ստանում է նաև ժողովրդի ծխահամարի թվով մի ուրիշ տուրք ևս, որ կոչվում է «հոգևոր պտուղ»։ Քահանան ստանում է առանձին բոլոր այն ծիսակատարությանդ մասին, որ եկեղեցին մատակարարում է յուր ժողովրդին։ Դոցա վերա ավելանում են և գանձանակադրամներն[1], որ եկեղեցիներում հավաքում են Էջմիածնի անունով, և աթոռահարկը, որ ստացվում է Մայր աթոռի համար։- Այս բոլոր հոգևոր տուրքերն, եթե յուրյանց ժամանակին չվճարվեն, ոչ միայն պարտազանցը զուրկ կմնա եկեղեցվո այս և այն խորհրդից, այլ գործ կդրվին ավելի ազդու միջոցներ, որոնք գործ է դնում դիվանը յուր հարկերը հավաքելու մասին...

Այժմ ո՞վ կարող է մեղադրել մի այսպիսի ժողովրդին, որ ենթարկված է այպիսի «կղերական հարստահարությանց»։ Ո՞վ կարող է մեղադրել նորան այն մոլորության համար, որ նա յուր մայրենի եկեղեցին թողնելով կամ կաթոլիկ է դառնում, կամ բողոքական և կամ մահմեդական...

Այս բոլորից հետո այժմ հասկանալի է, թե որքան իրավացի է Մանկունու պատասխանը, իսկ այդ պատասխանը մենք համարում ենք Էջմիածնա խոսքը, և Դավրեժի հայ հասարակությունն ևս այնպես է ընդունում։

  1. 1 Կար մի ժամանակ, որ Տաճկաստանի բոլոր եկեղեցիներում պատում էին զանազան գանձանակներ զանազան վանքերի և անապատների անունով, նոցա մեջ ավելի նշանակություն ուներ Էջմիածինը, բայց Կ. Պոլսի պատրիարքր բոլորը արգելեց; Այժմ Պարսկաստանի եկեղեցիներն նույն գրության մեջն են գտնվում, բայց այստեղից ե՞րբ պետք է արգելվի այդ հոգևոր մուրացկանությունը, հայտնի չէ...