Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/219

Այս էջը հաստատված է

սուտ երդումներ բերաններից թափելով, անցնող դարձողի զահլաներն են տանում։

Նկատելով մեր հայ վաճառականների այժմյան դրությունը, մենք ուշք դարձնենք այն երևույթի վրա. ի՞նչ է արդյոք պատճառը, որ օտարերկրացի վաճառականներից շատերը, որոնք ո՛չ ժողովրդի սովորությունների, ո՛չ երկրի դիրքի, և ո՛չ էլ տեղի հատկությունների հետ ծանոթություն ունենալով, կարողանում են փափուկ կերպով օգտվել մեր հասարակությունից, իսկ տեղացի բնիկ վաճառականները, որոնք սատանայի ծակն անգամ գիտեն, այնքան հետադեմ դրության մեջ են մնում։ Ի՞նչն է պատճառը, որ ֆրանսիացի Րիշարներ, Տոլեններ մեծ գումարներով կարողանում են փող աշխատել, իսկ մեր վաճառականները ամեն օր գանգատվում են թե աշխատանք չկա, խեր-բարաքյաթը վերացել է, և այլն։

Մենք վերև հիշեցինք, որ մինչդեռ ուրիշ ազգերը ամենայն ջանք ի գործ էին դնում, հիմնավոր և պատվավոր վաճառականություն տարածել իրանց ժողովրդի մեջ և այդ առթիվ հիմնվում էին գործարաններ ժողովրդի առօրյա պիտույքը արտադրող առարկաների, ուշք էին դարձնում գլխավորապես ներքին բերքը առավել փոխարինելու արտաքին բերքի հետ, երբ հողագործությունը ևս օրեցօր զարգանում էր, մեր հայերը, սովորած լինելով միմիայն իրարու հարստահարել, ուրիշ երկրների բերքերը երկպատիկ գնով իրանց հասարակության վրա վաճառել, անփույթ անելով իրանց երկրի բերքը, որոնք մեծամեծ օգուտներ էին խոստանում. աշխատող ձեռքերը ուշ չդարձրին երբեք հետևելու նոցա օրինակին, և մնացին այսօր էլ հրեականությանը հատուկ վաճառականներ, կամ պարզ կերպով ասել` այժմյան չարչիներ...

Ուրախալի մի երևույթ է, որ վերջին ժամանակներս մի քանի հայ վաճառականներ, թոթափելով իրանցից հնադարյան փոշին, հաստատեցին, թեև օտար հողի մեջ, մի քանի գործարաններ. բայց ի՞նչ օգուտ կարող են ունենալ այդ գործարանները մեզ համար, մինչդեռ մեր հասարակության ոսկիները պիտի քամեն օտար երկրի մեջ։ Վերջապես մի քանի ծաղկով էլ երբեք գարուն չի լինի, պետք է ներգործել կենտրոնի մեջ։ Ինչպես հայտնի է, մեր հասարակությունը յուրաքանչյուր տարի հազարներով ոսկիներ է վճարում գործարաններին բոլոր այն թե՛ անձնական պիտույքը և թե՛ շռայլական ցանկությունները գոհացուցանող առարկաների համար, որոնք զարդարում են Թիֆլիսի մագազինները, ի՞նչ օգուտ չէր ունենալու այդ հասարակությունը, եթե այդպիսի մի քանի գործարաններ