Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/225

Այս էջը հաստատված է

Հանձնաժողովի այս նկատողությունը մեր լեզվով կպարզենք այսպես. — մինչև 1872 թվականը 20 տարվա ընթացքում պատրիարքարանը գավառներից զանազան տեսակ հարստահարությունների մասին գանգատներ է ստանում, և իր բողոքագրերով (թագրիրներով) հաղորդում է Բարձ. Դռանը և բավարարություն է խնդրում։ Բարձ. Դուռը պատրիարքարանի բողոքները կամ թողնում է առանց հետևանքի, կամ պատասխանի չէ արժանացնում, կամ եթե ընդունվում է և իր կողմից հրամաններ է գրում, այն ժամանակ գավառական պաշտոնակալներն բարձրագույն հրամանագրերը թողնում են առանց հետևանքի։ Եվ այսպես, ժողովրդի վիճակը միշտ մնում է թշվառության մեջ... և պատրիարքարանի բողոքներից ոչ մեկը յուր նպատակին չէ հասնում…

Տաճկաստանի ներկա տագնապի մեջ շատերի հետաքրքրությունը զբաղեցնում է այն հարցը, արդյոք այս տերությունը վերջին 20 տարվա ընթացքում առաջ է գնացել թե ո՛չ. և կամ նրա կառավարությունը քրիստոնյա հպատակների վերաբերությամբ բարվոքվե՞լ է թե ո՛չ։ Տաճկաստանի բարբարոսությունները ծածկող և նրա երևակայական առաջադիմությունը հռչակող անձնական հաշիվներով կուրացած մարդիկ հայտնում են, թե այժմ Տաճկաստանը բավական բարեկարգված է և, քրիստոնյա հպատակների դրությունը այժմ համեմատաբար շատ լավ է, քան թե առաջ, և նրանք համարյա կատարյալ ազատություն են վայելում և այլն...

Այս բոլորն դարտակ խոսքեր են։

Տաճկաստանը առաջ է գնացել միայն մեկ բանի մեջ` այն է` յուր արտաքին կերպարանքը պաճուճել որպես եվրոպական մի պետություն. իսկ սրտով, հոգվով և գործով մնալ միշտ մոնգոլ նույն բնավորությամբ, որպես էր նա երբեմն Թուրանի անապատներում...

Քննելով պատրիարքարանի 25 տարվա արձանագրությանց «Տեղեկագիրքը» մենք ավելի համոզվում ենք այս կարծիքի մեջ, թե տաճկական կառավարությունը ինչ որ էր առաջ համարյա նույնն է մնացել և այսօր, նաև ոչ-մահմեդական ազգերի վիճակը փոխանակ բարվոքվելու` հետզհետե վատթարացել է։

Այս իրողությունը ավելի շոշափելի կացուցանելու համար մենք ընթերցողի ուշադրությունը կդարձնենք պատրիարքարանի «Երկրորդ տեղեկագրքի» վրա, որ բովանդակում է յուր մեջ Տաճկական Հայաստանի 1872-ից սկսյալ մինչև այսօր, 5 տարվա ընթացքում կատարված հարստահարությունների արձանագրությունները։